ԱՄՆ-ը սկսեց զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ գործնական աջակցությունը Հայաստանին

ԱՄՆ-ը սկսեց զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ գործնական աջակցությունը Հայաստանին

Քիչ առաջ այս մասին տեղեկություն է հրապարակել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: Ըստ այդմ՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունն (ՊՎՆԳ) իր վաղեմի գործընկեր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հետ նախաձեռնեց առաջին աշխատաժողովը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի շրջանակներում: Կողմերը երկուստեք ստանձնեցին հանձնառություն` իրականացնել ՔԿՃՄ պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ խորացված վերապատրաստումների ծրագիր:

Համաճարակով պայմանավորված հետաձգումներից հետո, ՔԿՃՄ թիմը Հայաստանում իրականացրեց զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածմանը հակազդելու վերաբերյալ սեմինար, որը նախատեսված էր ՀՀ Արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Առողջապահության, Շրջակա միջավայրի, Պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ոստիկանության, Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գործադիր մակարդակի անձնակազմի համար:

Եռօրյա ԶՈԶ սեմինարը նպաստեց գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակմանը, արձագանքման ազգային քաղաքականության ուսումնասիրմանը և արտակարգ իրավիճակներում գործակալությունների դերերի հստակեցմանը: Սեմինարը ներառում էր պրեզենտացիոն նյութեր, գործնական վարժություններ, ինտերակտիվ քննարկումներ` հիմնված իրական սցենարների վրա: ԱԻՆ-ը, հանդիսանալով արտակարգ իրավիճակներում համակարգող մարմին, ներկայացրեց պրեզենտացիա՝ ճառագայթային, քիմիական և միջուկային անվտանգության, հաղորդակցման և արձագանքման թեմայով:

Տեղի ունեցավ փորձի արդյունավետ փոխանակում հայկական գերատեսչությունների և ԱՄՆ փորձագետների միջև: Մասնակիցները բարձր գնահատեցին նմանատիպ սեմինարների անցկացումը, որոնք հանդիսանում են գերատեսչությունների միջև քաղաքականության քննարկումների հարթակ՝ արտակարգ իրավիճակներում գործողությունները համակարգելու համար:

ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Փայփսը, ՊՎՆԳ գրասենյակի ղեկավար մայոր Շիլդսը և երկկողմանի համագործակցության գծով սպա, մայոր Հեյզը ներկա են գտնվել սեմինարին:

Գործադիր մակարդակի այս սեմինարը սկիզբ է դնում հայ գործընկերների համար ՊՎՆԳ-ի կողմից նախատեսված մի շարք ՔԿՃՄ դասընթացների և աշխատաժողովների: