ԱՄՆ-ից  Հայաստան վերադարձած  հայ  գյուտարարի   ծրագրերը  չեն հետաքրքրել  մեր   իշխանություններին. նա պատրաստվում է կրկին մեկնել ԱՄՆ

ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած հայ գյուտարարի ծրագրերը չեն հետաքրքրել մեր իշխանություններին. նա պատրաստվում է կրկին մեկնել ԱՄՆ

Սառը մետաղների տեխնիկ-տեխնոլոգ, գյուտարար Ժորա Մալոյանը 2018թ. հեղափոխությունից հետո ԱՄՆ-ից Հայաստան է վերադարձել մեծ սպասելիքներով:
banber.am-ի հետ զրույցում Ժորա Մալոյանը ամենայն մանրամասնությամբ, մասնագիտական եզրույթներով պատմում է, նկարագրում, թե ինքն ինչ գյուտեր է արել, եւ դրանք ինչ հեռանկար են խոստանում Հայաստանին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին եւ ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսին ուղղված նամակում Մալոյանը տեղակացրել է, որ ինքը չորս հռչակավոր գյուտերի հեղինակ է, իր բոլոր գյուտերը գրանցում է USPTO-ում, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է լինել աշխարհի ամենահզոր տնտեսություն եւ իրավական գերակայություն ունեցող երկիրը: Մալոյանը 2016թ. ստացել է մուտքի վիզա եւ մեկնել ԱՄՆ: ԱՄՆ նահանգային մարմինն իրեն անվճար փաստաբան է տրամադրել, եւ ինքը սկսել է աշխատել փորձագետների հետ: 2018-ին նա ստացել է առաջին արտոնագիրը` NUSIO, 072668B2, երկրորդը ստացել է NUSIO, 570, 913B2: Որպեսզի իր գյուտի օգտակարությունը ներկայացնի ընթերցողին, Ժորա Մալոյանը նշում է, որ այն իրագործելու դեպքում մոլիբդենն ու ոսկին երկրից չենք հանի, ընդերքը չենք դատարկի, մեծ գումարներ կբերենք ՀՀ:
Մալոյանը մեր զրույցի ժամանակ մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է պետք երկիրը փրկել գլոբալ տաքացումից` ըստ իր գյուտի: Դա հիդրոդինամիկ փակ ցիկլով մաքուր էներգիա ստանալու նոր եղանակն է, որն իր մեջ ընդգրկում է երեք գյուտեր:
«Հիդրոդինամիկ փակ ցիկլով այս հիդրոէլեկտրակայանը համարվում է ֆիզիկայի եւ էներգետիկայի բնագավառում հավերժական շարժիչ (տորբոմոբիլ), քանի որ ստացած էլեկտրաէներգիան չունի ինքնարժեք: Այս հիդրոէլեկտրակայանը տարբերվում է մյուսներից նրանով, որ այն կարող ենք կառուցել անապատում, ցամաքում, եւ այն ունի զինվորական նշանակություն: Նրանից կարող ենք ստանալ անսահամանափակ էլեկտրաէներգիա, 380 կվ/ժամ օգտագործելով կստանանք 250,000 կվ/ժամ էլեկտրաէներգիա, քանի որ աշխատում է ինքնասկզբունքով: Աշխատանքի ժամանակ օգտագործելով էլեկտրաէներգիան` ոչ թե հոսանք են ստանում, այլ օգնության են հասնում մեխանիկան եւ ջրի վերհանման սարքը: Այդ ներդրումները կատարելով հիդրոէլեկտրակայանի վրա` կարող ենք Հայաստանում ստանալ ջերմաէլեկտրակայան»,-նշում է Ժորա Մալոյանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին եւ ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսին հղված նամակում Ժորա Մալոյանը մի շարք ուշագրավ բացահայտումներ է արել: Նա նշել է, որ իր գյուտի մասին տեղյակ է պահել Սպիտակ Տանը, կոնգրեսական Ադամ Շիֆին, էներգետիկայի նախարարին, էկոնոմիկայի նախարարին: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից ինքը ստացել է շնորհակալագիր նամակ: Սակայն, ինչպես նշել է նամակում, երբ 2018թ. եկել է Հայաստան, իրեն սկսել է հետապնդել ԱԱԾ-ն, քանի որ Հայաստանի էլցանցերը պատկանում են Ռուսաստանին, եւ նրանց նպատակն է խլել ԱՄՆ սեփականություն համարվող գյուտը: 2019թ. Մալոյանը դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն քաղաքական ապաստանի խնդրանքով, սակայն նամակ է ստացել, որ խախտել է «Միգրացիայի մասին» օրենքը, քանի որ երեք տարի իրավունք չուներ մերժման պահից դիմելու, իսկ այդ ժամկետը լրանում է 2021թ. հոկտեմբերի 24-ին:
«Ես այժմ հայտնվել եմ անելանելի վիճակում: 2021թ. սեպտեմբերի 11-ին ստացել եմ նամակ USPTO-ի կողմից, որ պետք է վճարեմ 1500 ԱՄՆ դոլար տուրք, որպեսզի պատենտը չկորցնի իր ուժը: Նամակին կից ներկայացնում եմ հաստատող փաստաթուղթը: Բացի այդ, ես ունեմ պատենտ հենց հիմա, որը գրանցված է USPTO-ում գրանցման N63/205,71, որի աշխատանքը սկսվելու է 2021թ. դեկտեմբերին, որ պետք է աշխատեմ էքսպերտների հետ, այս պատենտը կոչվում է զոինվորի փոխարինող զինատեսակ, հեռակառավարման գաղտնի զենք է պաշտպանության, որը վերաբերում է դեպարտամենտի (DOD) համագործակցությանը: Ես նամակով տեղյակ եմ պահել, նամակին կից ուղարկում եմ հաստատող փաստաթղթերը: Կից ուղարկում եմ նաեւ նշվածի վերաբերյալ փաստաթուղթը:
Ամերիկյան որոշ բանկեր, որոնք ծանոթացել են իմ գյուտերին, պատրաստ են ներդրումներ կատարել գյուտերի զարգացման եւ կոմերցիալիզացիայի համար (BankOniP ներդրումային ֆոնդ) (կից ուղարկում եմ հաստատող փաստաթղթերը):
Հարգելի տիկին Թրեյսի, հարգելի Հյուպատոս. անկեղծ ասած, իմ` Հայաստանում անորոշ մնալը չի բխում քաղաքակիրթ հասարակության զարգացման շահերից: Եթե ես Հայաստանում եմ, ապա ինչպե՞ս կարող է գիտական եւ գործնական տեսանկյունից զարգանալ իմ գյուտերի մակարդակը: Չէ՞ որ գաղտնի հեռակառավարման զենքի մասով անհրաժեշտ է իմ անմիջական ներկայությունը փորձարարական եւ գիտազարգացման աշխատանքներին: Գիտության մեջ ընդունված կանոն է, որ գիտնականը պետք է գտնվի լաբորատորիայում, նամանավանդ այն դեպքում, երբ խոսքը գնում է պատենտային գյուտի փորձարկման եւ տեխնիկական զարգացման մասին: Նշված պայմաններում իմ` ԱՄՆ մեկնելը բխում է նաեւ ԱՄՆ հանրային շահերից»,-ի մասնավորի նշված է դեսպանին հղված նամակում:
Մտավոր սեփականության գրասենյակի արտոնագրային հավատարմատար Անդրանիկ Խաչիկյանից հետաքրքրվեցինք, թե երբ քաղաքացին դիմում եւ արտոնագիր է ստանում, դրա համար իրեն հասնո՞ւմ է դրամաշնորհ, թե՞ ոչ:
«Ոչ մի դեպքում չի հասնում: Երբ դա կօգտագործվի ինչ-որ մեկի կողմից Ձեզ հետ համաձայնեցված, նոր Դուք ինչ-որ բան կստանաք: Այլ դեպքերում ոչ ոք պարտավոր չէ հատուցել: Ես օգնում եմ, որպեսզի փաստաթղթերը ձեւակերպվեն, Դուք ստանաք արտոնագիր: Դուք կարող եք այն վաճառել, նվիրել, ժամանակավոր օգտագործման տրամադրել, դրա դիմաց ինչ-որ բան ստանալ, բայց ո՞վ պետք է վճարի, պետությո՞ւնը, պետությունը որեւէ շահ չունի դրանից»,- արձագանքեց Անդրանիկ Խաչիկյանը:
Ամերիկյան իշխանությունների կողմից ուշադրության արժանացած Ժորա Մալոյանի նկատմամբ անտարբեր են գտնվել հայաստանյան իշխանությունները: Այդ մասին նա մինչեւ մեզ դիմելը դիմել եւ իր դժգոհություններն է հայտնել այլ ԶԼՄ-ներով, ներկայացրել, թե ինքն ինչ ծրագրեր ունի, որքան օգտակար կարող են լինել դրանք Հայաստանի համար: Այդ հրապարակումներից, ահազանգերից հետո էլ նրան իշխանություններն ականջալուր չեն եղել: Հիմա Մալոյանը կրկին ստիպված է ԶԼՄ-ների միջոցով հիշեցնել իր գյուտի եւ ծրագրերի մասին:

Թագուհի Հակոբյան