Այսքան փակ ոչ մի կառավարություն չի եղել

Այսքան փակ ոչ մի կառավարություն չի եղել

Երրորդ օրն է, ինչ ավարտվել է Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումը, որն ինչպես անցել էր փակ դռների հետևում, այնպես էլ դրա բովանդակությունը շարունակում է մնալ գերգաղտնի: Անգամ քաղաքագետներն են իրենց մեկնաբանություններում խոստովանում, որ սույն հանդիպման մասին կարող են բացառապես ենթադրություններով խոսել, քանզի տեղեկատվություն չկա: Եվ իրոք, հերթապահ ու խիստ կցկտուր պաշտոնական մի երկու տողից բացի կողմերը որևէ այլ մանրամասն չեն բացահայտում: Տպավորություն է, որ սա երկկողմ պայմանավորվածությամբ գաղտնապահություն է:
Ի՞նչ են թաքցնում նրանք, դժվար է ասել, բայց որ այնտեղ քննարկվել են հարցեր, ու հավանաբար ձեռք բերվել պայմանավորվածություններ, որոնք հայանպաստ չեն, կարելի է միանշանակ պնդել: Ընդ որում, գերգաղտնիությունը կարող է կապված լինել միայն հայաստանյան հանրային արձագանքի հետ, որովհետև Ռուսաստանն այս առումով կորցնելու ոչինչ չունի: Իսկ Հայաստանն ունի, ավելի ստույգ՝ ՀՀ կառավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Բանն այն է, որ պարտվողական հոգեվիճակով Փաշինյանը պարզապես չէր կարող Հայաստանի և Արցախի դիրքերն ամրապնդող օրակարգ վարել, ինչպես չկարողացավ դույզն ինչ հակազդել այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպմանը Ադրբեջանի բռնապետի բարբաջանքներին, թե ,,Ադրբեջանի շրջան Ղարաբաղում… և այլն,,, այլ շարունակեց խաղաղության սեփական աղերսները հնչեցնել: Իսկ հերթական պարտվողական համաձայնությունն էլ ավելի կսրեր Փաշինյանի հանդեպ օրեցօր ահագնացող անվստահության ու անհանդուրժողության տրամադրությունները:
Եվ ուրեմն ակնկալել, թե Փաշինյանը մի հերթական հանձնվողական խոստում չի տվել մոսկովյան հանդիպման ընթացքում, պարզապես միամտություն կլինի: Այնպես որ, լռեն թե խոսեն, տպավորությունը ոչ ի օգուտ իշխանությունների է: Բայց չէ՞ որ դրան նրանք հասան մեզ տված խոստումների շնորհիվ, որոնցից մեկն էլ բացախոսությունն ու այնքան չարչրկված՝ ժողովրդի հետ հաշվի նստելն էր՝ որոշումներ կայացնելիս: Ուստի պիտի չզարմանան ու չզայրանան, որ իրենցից հիասթափվել են ու կորցրել վստահությունը կառավարող ուժի հանդեպ…

Նանե Մակուչյան