Անվտանգությունը կապահովեն, ներդրումներ կբերեն. «Հայաստան» դաշինքը՝ Կոտայքում

«Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով «Հայաստան» դաշինքը Կոտայքի մարզում է: Երկրում 3 ճգնաժամ կա այս պահին՝ անվտանգային, տնտեսական ու ներքաղաքական՝ իր խոսքում նշում է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյան, «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար — Մեր նպատակները հետևյալն են՝ շատ պարզ վերականգնել երկրի անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը: Սա ենթադրում է ահռելի աշխատանք: Ոչ միայն կանգնեցնել տնտեսական ճգնաժամը, գահավիժումը, այլ թռիչքային աճ ապահովել Հայաստանի համար: Սա ևս ունի բազմաթիվ բաղադրիչներ, սա նշանակում է պրոակտիվ ներդրումային քաղաքականություն, սա նշանակում է բազմաթիվ տասնյակ հազարավոր աշխատատեղերի բացում, սա նշանակում է տարբեր օտարերկրյա շուկաներ բացել մեր արտադրանքի համար: Մենք գալիս ենք հանգստություն բերելու մեր ժողովրդին:

Հաջորդ կանգառը Նոր Հաճնն է: Վերականգնելու են անվտանգությունը, բարձրացնելու են սահմանների պաշտպանվածությունը՝ ամբիոնից հայտարարում են դաշինքի անդամները: Շատ ենք ապացուցել, որ ինչ ասում ենք, դա անում են՝ հայտարարում է Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյան — Եթե դուք հունիսի 20-ին ընտրեք 24 համարը, սա նշանակում է, որ դուք մեզ պարտադրելու եք աշխատել 24 ժամ: Մենք արդյունք ստանալու համար ստիպված ենք լինելու աշխատեցնել ձեզ, արդյունքում՝ շահելու է մեր երկիրը, շահելու են այն փոքրիկները, որոնց համար մեր կյանքն իմաստավորվում է:

Չարենցավանում, խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրից, Քոչարյանը նշում է, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտությունը նշանակում է, որ Ղարաբաղի հարցը ժողովրդի ինքնորոշման տիրույթից դառնում է տարածքային ամբողջականության հարց:

Ռոբերտ Քոչարյան — Սա նշանակում է, որ դու Ադրբեջանին լեգիտիմ իրավունք ես տալիս հարցը լուծել ուժային ձևով և պատճառներից մեկն էլ դա է, որ ոչ մի երկիր չդատապարտեց: Սա մեր դիվանագիտության այնպիսի մի պարտություն է, որ բացատրություն չունի: Ոչ մի երկիր չդատապարտեց այն երկրին, որն սկսել է պատերազմը: Մենք պետք է ինքորոշման տիրույթ բերենք այս հարցը և բանակցային գործընթացով նախկին ԼՂԻՄ-ը, որն այդ տիրույթի մեջ է, փորձենք վերականգնել դա:

Ընտրվելու պարագայում Գյուղատնտեսության և Մշակույթի նախարարությունները կրկին բացվելու են, իսկ ներդրումներ բերելու հարցում անհանգստություն չունեն, հույսը Ռոբերտ Քոչարյանի հեղինակությունն է:

Ռոբերտ Քոչարյան — Եթե մեզ վրա, կոնկրետ իմ վրա ներդրողներ չգան, ուրեմն ոչ մեկի վրա չեն գալու:

Կոտայքի մարզ այցն ավարտում են Հրազդանում: Քոչարյանը վերահաստատում է իր ասածը՝ գալիս են ներքաղաքական մթնոլորտը փոխելու, ուժեղ Հայաստան կառուցելու: