Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար տրամադրվել է 67 մլն դրամ

ՀՀ կառավարությունը Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձի մի մասի փոխհատուցման համար 2020-ին պահուստային ֆոնդից տրամադրել է 67 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ հանձնաժողովում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

Նախարարը նախ հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ՝ մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվում ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն սովորողներին, որոնք մասնակցել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմին, ինչպես նաև, եթե մասնակցել է նրանց ծնողը կամ ամուսինը:

«Կարևորելով Ապրիլյան պատերազմի մասնակիցների ընտանիքների սոցիալական բեռի թեթևացման անհրաժեշտությունը՝ բուհերի ռեկտորներին առաջարկվել էր քննարկել մինչև ուսումնառության ավարտը Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար կատարել ուսման վարձի որոշակի զեղչեր՝ առանց հաշվի առնելու ուսանողների միջին որակական գնահատականը: Համաձայն բուհերից ստացված տեղեկատվության՝ 2020-ի դրությամբ ընդհանուր առմամբ ՀՀ բուհերում սովորում են Ապրիլյան պատերազմի մասնակից 790 ուսանող, ինչպես նաև 2 և ավելի երեխա ունեցող 40 ուսանող, որոնց համար պահուստային ֆոնդից տրվել է ֆինանսական աջակցություն՝ համապատասխանաբար 67 և 19 մլն դրամ»,-ասաց Դումանյանը: