Առողջապահության նախարարությունը չի պարզաբանում՝ ինչու է պետպատվեր հատկացնում պատերազմի՝ միայն ֆիզիկական վնասվածքով մասնակիցներին

Առողջապահության նախարարությունը չի պարզաբանում՝ ինչու է պետպատվեր հատկացնում պատերազմի՝ միայն ֆիզիկական վնասվածքով մասնակիցներին

Հոգեբույժ, «Ալֆա-Բետտա» կրիզիսային-հետսթրեսային կենտրոնի տնօրեն Անաիդա Գևորգյանը նկատում է՝ Կառավարության որոշման մեջ, որով պետական աջակցություն է սահմանվում 44-օրյա պատերազմի հետևանքով վնասվածք ստացած անձանց բուժմանը, հստակեցված չէ՝ «վնասվածք» ասելով միայն ֆիզիկական տրավման են նկատի ունեցել, թե նաև հոգեկան: Որովհետև, ըստ մասնագետի, հոգեբուժության մեջ կա ախտորոշում, որի նույնիսկ հապավումն իր մեջ պարունակում է այդ բառը: Դա Հետտրավմատիկ սթրեսային խանգարումն է, այսպես կոչված՝ ՀՏՍԽ-ն կամ PTSD/Posttraumatic stress disorder/-ը:
Հատկապես ներկայիս իրողության պայմաններում, երբ գործ ունենք հոգեկան ցնցումով մեծաթիվ զինվորների, պատերազմի մասնակիցների ու զոհվածների ընտանիքների անդամների հետ, չի կարելի պետական աջակցություն ցուցաբերել միայն ֆիզիկական տրավմայի դեպքերում: Անշուշտ դրական է, ասում է Ա. Գևորգյանը, որ կառավարությունը պետպատվերի շրջանակում հոգեբանական աջակցություն է ցուցաբերում նշյալ անձանց: Բայց ավաղ, ըստ նրա, հաճախ գործ ունենք ոչ թե հոգեբանական, այլ հոգեախտաբանական դեպքերի հետ, նույն՝ ՀՏՍԽ-ի, որի բուժումը ենթադրում է հատուկ մեթոդների կիրառում և դեղորայքային բուժում, որը հոգեբաններն իրականացնել չեն կարող:
ՊՏՍԽ-ով անձանց հակացուցված է նաև ավանդական հոգեբուժարաններում պառկեցնելը: «Առանց այն էլ ցնցված մարդկանց տանել, պառկեցնել քրոնիկ հիվանդների հետ. սա միայն կխորացնի նրանց՝ առանց այն էլ բարդ հոգեվիճակը»,-պարզաբանում է Գևորգյանը:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի հարյուրավոր մասնակիցներ են բուժվել, դուրս գրվել «Ալֆա-Բետտա» կենտրոնից. նրանք հովանավորներ են գտել կենտրոնում բուժվելու համար: Որքան էլ մատչելի, բայց միայն իր ուժերով կլինիկան չի կարող սպասարկել այդքան թվով պատերազմի մասնակիցների: Տնօրենն ասում է՝ օրական Արցախյան վերջին պատերազմի մինչև 10-ը՝ հոգեկան վերականգնողական բուժման կարիք ունեցողի են ճարահատյալ մերժում: Այն դեպքում, երբ կլինիկան թե մասնագիտական բարձր որակավորմամբ, թե Հետտրավմատիկ սթրեսային խանգարման բուժման սարքավորումներով ու դեղորայքով գերհագեցած է և պատրաստ է, եթե պետպատվեր լինի, ընդունել 44-օրյայի՝ մեծ թվով մասնակիցների:
Հ.Գ.- Ա. Գևորգյանի «Ալֆա-Բետտա» ընկերությունը 2 ամիս առաջ նամակով դիմել է Առողջապահության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել՝ պետպատվերի շրջանակում գտնվող վնասվածքով անձանց միայն ֆիզիկակա՞ն վնասվածքը նկատի ունեն, թե նաև՝ հոգեկան: Դեռևս որևէ պատասխան չեն ստացել: «Ինչ-որ տեղ հասկանալի է, Քովիդով են զբաղված, բայց հոգեկան տառապանքների մեջ թողնել Արցախյան 44-օրյա պատերազմով անցած տղաներին, որոնք ունեն անհապաղ հոգեբուժական դեղորայքի և հատուկ մեթոդների կարիք, սա ևս ծայրահեղ անցանկալի է»-ասում է Ա. Գևորգյանը: