Արագածոտնի մարզում հորդ անձրևը ջրհեղեղի պատճառ է դարձել

Մարտի 24-ին, ժամը 11։00-ից 11։43-ն Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի Զ․ Դարյան փողոցում, Շահումյան 22-րդ փողոցում, Ռյա Թազա և Քուչակ գյուղերում գտնվող մի քանի տներում սելավտարերը խցանվել են, անձրևաջրերը լցվում են տները։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են Շահումյան 22-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկը, մոտակա տան նկուղ և հյուրասենյակ, Զ․ Դարյան փողոցում գտնվող տներից մեկը, Ռյա Թազա գյուղում գտնվող տներից մեկի բակ և Քուչակ գյուղի 7-րդ փողոցում գտնվող տներից մեկի նկուղ։

Փրկարարները մաքրել են սելավատարերը, դադարեցրել անձրևաջրերի հոսքը, փոխել հունը և կանխել տների ջրալցումը։