Արտակարգ դեպք Գյումրիում. Տղամարդը փորձել է հրկիզել Գյումրու ծննդատունը

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 6-ին Շիրակի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պաահպանության գլխավոր վարչության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոշտոյան փողոցում գտնվող «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում տագնապի ահազանգ է ստացվել։
Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը, որտեղ ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանը հայտնել է, որ ժամը 02։00-ի սահմաններում մի քաղաքացի մտել է ծննդատուն, ձեռքին եղած պլաստամասե տարայով բենզինը լցրել է միջանցքում և այրել։ Բարեբախտաբար, առաջացած կրակը չի տարածվել, և այն կարճ ժամանակում հանգել է։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Գյումրիի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Մ-ն է, ում հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: