Արցախը կարծես սպիտակ գառ լիներ, որը  սպասում էր մատաղ լինելուն

Արցախը կարծես սպիտակ գառ լիներ, որը սպասում էր մատաղ լինելուն

Մեր զրուցակիցը  քանդակագործ  Վիգեն Ավետիսն է:

 

— Դուք արվեստագետ եք, քանդակագործ, տեսել եք  թե՛ Արցախյան առաջին, թե՛ երկրորդ պատերազմները: Եթե փորձեք արտացոլել, արվեստի լեզվով ներկայացնել  այդ պատերազմները, հաղթանակը, պարտությունը, ինչպիսի՞ մարմնավորում այն կստանա : Առհասարակ՝ հնարավո՞ր է այդ ամենը գեղարվեստորեն արտացոլել:

— Ես այն կհամեմատեի գլուխն ու ձեռքերը կորցրած՝ ՍԱՄՈԹՐԱԿՅԱՆ ԹԵՎԱՎՈՐ ՆԻԿԵ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒ հետ։ Եվրոպացիք հիանում են, թուրքերը կոտրում են, ռուսները՝ նախանձում։ Հայ ժողովրդի արյամբ ազատագրված Արցախը կարծես սպիտակ գառ լիներ, որը  սպասում էր մատաղ լինելուն ( նայեք «Սպիտակ գառան երազը »  ֆիլմը, ռեժիսյոր՝Հրանտ Վարդանյան): Արցախյան առաջին պատերազմում հնարավոր չեր հաղթել հային, երկրորդում մեր պարտությունը անխուսափելի էր. կոտրված և պառակտված էր հայոց հոգին, թալանված և ստրկացված էր հայը, հարգանք և պատիվ մոռացած՝ ռեստորան ու բենթլի են երազում։ Չնայած հայ արժանապատիվ զավակները 44 օր կռվեցին և էլի կկռվեինք, եթե ներքին և արտաքին դավաճաններ չլինեին։

— Մեր մտավորականների, արվեստագետների մեծ մասը քաղաքականացված են, միշտ իրենց դիրքորոշումն են հայտնել նաեւ Արցախյան հակամարտության լուծման մասին: Վերջին պատերազմից հետո հանրության որոշակի շերտերում կա այն տեսակետը, որ եթե հնարավոր էր խաղաղ ճանապարհով գնալ փոխզիջումների, խուսափել պատերազմից, ինչո՞ւ մեր քաղաքական վերնախավը չգնաց այդ ճանապարհով: Ո՞րն է Ձեր դիրքորոշումը:

— 30 տարի Արցախը թալանվել է, և պատրաստվել է նրա հանձնումը։ Բերձորում Ղարաբաղյա ն   «էլիտան »     հաշվեհարդար տեսավ Արցախի հերոս նվիրյալներին ջարդելով՝ Վիտալի Բալասյանի ղեկավարությամբ,  և այսօր նա բարձր պաշտոն է վայելում մեր Արցախում։ Այս սահմռկեցուցիչ տեսարանը տեսնելով՝ հասկացա, որ մենք չենք տերը մեր երկրի։ Նա ցմահ չդատապարտվեց, Վազգեն Մանուկյանը, Ռոբն ու Սերժը չդատապարտվեցին, իսկ Սեյրան Օհանյանն էլ շիշ է շպրտում Ազգային Ամբիոնին՝ մեջքին ունենալով Դաշնակցությանն ու Քոչարյանին։ Ահա սա է մեր ազգային մշակույթն այսօր։ Երբ Մարդ և Հայ կդառնանք, այնժամ չենք պարտվի։

-Դուք երկար տարիներ ապրել եք Իտալիայում, եղել եք նաեւ այլ երկրներում: Երեւանում տեղադրված հին ու նոր արձաններից, քանդակներից  որոնցի՞ց կհրաժարվեիք, ի՞նչը կփոխեիք, ի՞նչ նոր լուծումներ կառաջարկեիք:

— Ես Նոր Քաղաք կստեղծեի։ Նոր՝ 21-֊րդ  դարի Հայաստանի Հոգևոր և Մշակութային քաղաք։ Երևանը  բռնաբարված է բոլշևիկների, սովետների, նեո չեկիստների, օլիգարշելիների կողմից։ Իսկ իսկական Երևանցիք պիտի վայելեն Նոր Մայրաքաղաք Երևանը, առանց Լենին-Ստալինների, Գայ-Շահումյանների, երկձի Անդրանիկի և Արամ Մանուկյանի գույնզգույն քանդակների, նարդի խաղացողների, դուդուկչիների և այլն։

-Դուք վերջին տարիներին աշխատում եք  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:  Ձեր գործունեության ընթացքում ո՞ր ծրագրերն եք իրականացրել, ի՞նչ եք հասցրել փոխել:

-« Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իմ ամենամեծ ծրագիրը եղավ «Սասնա լանջ» հանրային այգու ստեղծումը, որտեղ կանգնեցվեց նաև իմ  «Թուր Կեծակին», Կրթահամալիրի քանդակի բաժինը կրում է իմ անունը, ես դեռ շատ անելիքներ ունեմ իմ հանճարեղ ընկերոջ՝ Տիար Բլեյանի հետ:

 

Զրուցեց Թագուհի Հակոբյանը