Բաքուն գործարկեց Ֆիզուլիի օդանավակայանը. մեղադրանքներ Փաշինյանի հասցեին

Բաքուն գործարկեց Ֆիզուլիի օդանավակայանը. մեղադրանքներ Փաշինյանի հասցեին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր առաջին ինքնաթիռներն են վայրէջք կատարել Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում՝ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Airbus A340-500 ուղևորատար ինքնաթիռն ու և Silk Way Airlines ավիաընկերության Boeing 747-400 բեռնատար ինքնաթիռը: 44-օրյա պատերամից հետո կառուցված օդանավակայանն ունի 3 000 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ թռիչքուղի, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած տեսակի օդանավի ընդունումը:

Լուրի առիթով ֆեյսբուքյան գրառում է կատարել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը.
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում արագ տեմպերով և մեծ ծավալներով զարգանում է ոչ միայն ճանապարհաշինությունը, այլև ավիահաղորդակցությունը։ Նիկոլ Փաշինյանը և նրա բոլոր աջակիցներն ու կողմնակիցները հպարտությամբ կարող են արձանագրել, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը կառուցվել է նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում: Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության ծրագիրը մինի մեջլիսի կողմից հաստատվելուց մի քանի օր անց` Ադրբեջանական ավիաընկերությունների մարդատար և բեռնատար օդանավերը Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից առաջին փորձնական թռիչքներն են իրականացրել Ֆիզուլիի միջազգային օդանավակայան։ Իսկապես ապագա կա, այն մենք տեսնում ենք ամեն օր։