«Ձեր գործողությունների հիմքում բոլորովին այլ շարժառիթներ են, որոնց մասին հասարակությունը կիմանա». Արա Աբրահամյանը՝ Փաշինյանին

Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին և հիշեցնելով նրան, որ հասարակությունը պահանջում է իր հրաժարականը:

«Պարո՛ն Փաշինյան, այսօր հասարակությունը սպասում է ձեր հեռանալուն և ձեր անխուսափելի հրաժարականը գնահատում որպես հայ ժողովրդի բարոյական և հոգևոր վերածնունդի ազդանշան»,- գրել է Արա Աբրահամյան:

«Այսօր դուք ուղևորվել եք Սյունիք: Այն նույն Սյունիք, որի բնակչությունն Արցախի հանձնված շրջանների բնակիչների հետևից այրում է իր տները, որպեսզի դրանք բաժին չհասնեն նրանց, ովքեր Ձեր շնորհիվ արդեն «թակում են» իրենց դռները: Այն նույն Սյունիք, որի բնակիչների և ենթակառուցվածքների, այդ թվում՝ օդանավակայանի անվտանգությունը Դուք, խախտելով Հայաստանի Սահմանադրությունը, ոչ միայն չեք ապահովում, այլև լրջորեն վտանգում եք: Բուն հայկական տարածքներն օտարելու Ձեր մղումն ու ջանքերը դուրս են գալիս Ձեր ստորագրած եռակողմ համաձայնագրի շրջանակներից, որտեղ ոչինչ չի ասվում պետական սահմանի դեմարկացիայի մասին: Դատելով ամեն ինչից՝ Ձեր գործողությունների հիմքում բոլորովին այլ շարժառիթներ են, որոնց մասին հասարակությունը կիմանա, երբ Ձեր պարտվողական գործունեության մանրակրկիտ հետաքննություն իրականացվի»,- գրել է Աբրահամյանը:

Վերջինս շեշտել է, որ Սյունիքի ճանապարհներով արդեն երթևեկում են ադրբեջանցիները՝ թափահարելով իրենց դրոշը:

«Հայաստանի քաղաքացիներն իրավացի են և իշխանություններից բացատրություն են պահանջում: Սակայն իշխանությունն անգործության է մատնված: Սահմանը պաշտպանված չէ: Մինչդեռ ուժային կառույցների՝ լավ պատրաստված աննախադեպ թվով ներկայացուցիչներ ներգրավված են ձեր անձնական պաշտպանությունն ապահովելու համար»,- շեշտել է պաշտոնյան՝ հավելելով, որ Փաշինյանը «դավաճանել և խաբել է հայ ժողովրդին»,- «Ձեզ այլևս չի հաջողվի մանիպուլյացիայի ենթարկել նրանց՝ ձեր շահերից ելնելով»:

«Պետական սահմանի դեմարկացիա կազմակերպելով և շուտափույթ անցկացնելով՝ կարո՞ղ եք արդյոք պատասխանել հարցի. «Ձեզանից ո՞վ է առաջինն առաջարկել դեմարկացիայի գաղափարը՝ Դուք Իլհամ Ալիևին, թե նա Ձեզ: Գուցե Ձեզ հայտնի են այլ դեպքեր, երբ պարտված կողմը հետաքրքրված լինի պետական սահմանի շուտափույթ դեմարկացիա անելու մեջ»,- հարցադրում է արել ՌԴ-ում հայերի միության ղեկավարը:  

««Նախկիններին» մեղադրելով, որոնց հետ դուք, ենթադրում եմ, առավել սերտ հարաբերություններ եք ունեցել, քան ես, նույնպես պետք չէ: Երկրի ղեկավար դառնալով՝ դուք պարտավոր էիք ուսումնասիրել բանակցային գործընթացի պատմությունը և հավանաբար գիտեք, որ ոչ մի բանակցային ձևաչափում Հայաստանի սահմանի հարցը չի քննարկվել»,- նշում է Աբրահամյանը:

«Մենք բազմիցս կոչ ենք արել ձեզ կանգ առնել և հրաժարական տալ: Եթե դուք լսեիք և ապաշխարելով հեռանայիք մեկ ամիս կամ 20 օր առաջ»,- դուք պատմության մեջ կհիշվեիք որպես կապիտուլյանտ, որը խայտառակաբար պարտվել է պատերազմը: Սակայն հիմա բոլորը հասկանում են, որ ձեզ չի հաջողվի հեռանալ որպես պատերազմը պարտված հրամանատար: Ձեր անունը մշտապես կներառվի պատմության մեջ որպես հայ ժողովրդի շահերի դավաճանի», — եզրափակում է Աբրահամյանը: