Գյումրիում դիմակավորված անձը հարձակվել է ռուսական ռազմաբազայի ծառայողի ու նրա կնոջ վրա. վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտի 10-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավազակային հարձակման փորձի փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում՝ Անի թաղամասի 3-րդ փողոցում, էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել, որի ժամանակ նույն թաղամասի բնակվող, 40-ամյա Ռոման Ռոմանովը դուրս է եկել բակ, որպեսզի պարզի, թե երբ է վերականգնվելու էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այնուհետև վերջինիս կինը՝ Սիրուշ Վ.-ն, ձայներ է լսել, և տանից դուրս գալուց նկատել է, որ ամուսինը գետնին ընկած, դիմակավորված անհայտ անձի հետ քաշքշում են իրար:

Երբ կինը սկսել է բղավել, հարևաններին կանչել ու գոռացել, որ ահազանգելու է ոստիկանություն, դիմակավորված անձը դանակով հարձակվել է նաև իր վրա, որից հետո դիմել է փախուստի:

Արդեն դեպքի վայր ժամանած ոստիկաններին ամուսինները հայտնել են, որ իրենք ստացել են մարմնական վնասվածքներ:

Կայքի տեղեկություններով, տուժածներից Ռ. Ռոմանովը ծառայում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում: