Դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակենք զարգացնել Ռուսաստանի հետ. Փաշինյան

Աշխարհի ամենահզոր երկրները փնտրում են դաշինքներ, ձևավորում են դաշինքներ և փոխօգնության տրամաբանության մեջ են դնում իրենց երկրների անվտանգությունը: Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բանակի օրվա կապակցությամբ նա այսօր այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին:

«Մենք մեր դաշնակցային հարաբերությունները մեր անվտանգության հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, պետք է շարունակենք զարգացնել: Պետք է շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ միջազգային մեխանիզմներով նույնպես ապահովենք մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը», — ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ ամեն դեպքում մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է:

«Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության», — ասել է Փաշինյանը։