Եթե ինձ լսեին, մենք հաղթելու էինք. Սամվել Բաբայան

Եթե ինձ լսեին, մենք հաղթելու էինք. Սամվել Բաբայան

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Ազատություն ռադիոկայանին տված ծավալուն հարցազրույցում այսօր ասել է, որ ինքը նոր պատերազմի հավանականություն չի տեսնում, համենայն դեպս ապագա 4 տարում, քանի դեռ ռուս խաղաղապահները տեղակայված են Լեռնային Ղարաբաղում: Ճանապարհների կումինակացիա նույնպես, ըստ նրա, առաջիկա 4-5 տարիներին չի լինելու:

«Մենք պետք է հասցնենք ուժեղ բանակ ունենալ»
Հարցին` պատերազմի նոր հավանականություն տեսնո՞ւմ է, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը պատասխանել է. «Ես համարում եմ, որ պատերազմի վտանգ չկա, քանի որ Ռուսաստանը դեռ 4 տարի Ղարաբաղում է լինելու, և որևէ մի պատերազմ նույնն է, թե Ռուսաստանի դեմ պատերազմ սկսեն, Ադրբեջանը դա լավ գիտակցում է:

Վստահ եղեք` որևիցե պատերազմի վտանգ չկա մոտակա 4 տարին, նրանից հետո մենք պետք է հասցնենք ուժեղ բանակ ունենալ և աջակցենք ամեն ձև, որ Ռուսաստանն այդ մանդատը վերցնի Արցախում»:

«Ես չեմ տեսնում մոտակա 4-5 տարում, որ ճանապարհները բացվելու են»
Միջանցքի տրամադրումը կամ ապաշրջափակումը տնտեսական աճի է բերելու, նշել է Սամվել Բաբայանը` միաժամանակ պնդելով, որ դա ինքնանպատակ չի լինելու:

«Ես չեմ տեսնում մոտակա 4-5 տարում, որ ճանապարհները բացվելու են», — նկատել է նա:

Նախիջևանին կապող ճանապարհ ևս չի լինելու` ըստ նրա, խորհրդային տարիներին էլ չի եղել. «Հայաստանը Նախիջևան գնացող ճանապարհը էսօր էլ բացում ա, Հայաստանը պրոբլեմ չունի, իրենք հատուկ ուզում են Մեղրիով ճանապարհ կառուցեն, կոմունիկացիա բացել չի նշանակում, ինքը քեզ թելադրում է իր տարածքում քեզ համար ճանապարհ կառուցել: Ես դա անհավանական եմ համարում: Ադրբեջանը պատճառ է ման գալիս, որ այդ ճանապարհը հայերը չեն սարքում, մենք ճանապարհները չենք բացում»:

Սամվել Բաբայանն ասել է` նույնիսկ բացվելու դեպքում Հայաստանի անվտանգությանը վտանգ չի սպառնում, վտանգը ուժեղ բանակ չունենալն է:

Սահմանազատում, ըստ Բաբայանի, պետք է կատարվի
«Սահմանազատման խնդիրները պետք է կատարվեն, ուզենք, թե չուզենք, ես գտնում եմ` ճիշտ է, որ դա անենք, որովհետև մենք 1200 տարածքից ավելի հետ ենք բերում: Մենք բոլորս գիտենք` մի շրջան` 1200 տարածք Ադրբեջանը մեզնից գողացել է, խնդիրը նա է, որ դեմարկացիա, դելիմիտացիա արվի, ճշտեն քարտեզներով ԽՍՀՄ», — նշել է նա` հավելելով, որ պետք է հենց 1920-ականների քարտեզներով առաջնորդվել, որը Խորհրդային միության առաջին պետականորեն հաստատված քարտեզն է եղել:

Արցախի կարգավիճակի մասին
«Արցախի կարգավիճակը… չի կարող ռուսական զորքերը դուրս բերվեն, մինչև կոնկրետ խնդիր չեն լուծում», — ասել է ՊԲ նախկին հրամանատարը` հավելելով, որ Բացի այդ, կարևոր է Արցախի հզորացումը` տնտեսապես, սոցիալապես, Հայաստանի հետ կապող ճանապարհ ունենալ և այլն:

Հարցին, թե ի՞նչ է լինելու, երբ 4 տարի հետո ռուս խաղաղապահ ծառայությունն ավարտի իր առաքելությունը, նրանց տեղակայման պայմանագրի ժամկետը չերկարաձգվի, Բաբայանն արձագանքել է. «Պարտավոր ենք ունենալ մենք այդ հզոր բանակն Արցախում, ու մեր խնդիրները մենք լուծենք: Հնարավոր է կարճ ժամանակ պրոֆեսիոնալ բանակ ունենալ: Մենք պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել ստեղծել»:

«Պատերազմի ժամանակ ոչ վստահել են ինձ, որ ես ղեկավարեմ բանակը…»
Սամվել Բաբայանը նշել է` Արցախում 20-21 տարի չէր եղել, բացի այդ, դա «իր սեփականությունը չէր», որ միայն ինքը որոշեր ինչպես զարգացնել: Ի պատասխան հարցադրման, թե հիմա, երբ պատերազմն ավարտված է, հեշտ է խոսել սխալների մասին, նա ասաց. «21 տարի թալանած Դաշնակցություն, ԱԺԿ, ՊՊՇ, ինչքան կա, հիմա մեղադրում են ինձ, ասում են, որ 3 ամսում դու պետք է անեիր: Էսօր խոսում եք ձեզ ղեկավարող 21 տարին, ովքեր ձեզ բերել են էս օրվան, իրենց հերոսացրել եք, պարոն Բաբայանը մեղավոր է: Ես չեմ ընկալում` ինչ են ասում, ես ամեն ինչ արել եմ, որ ինչ-որ մի բան փոխվի այդ 3 ամսում:

Պատերազմի ժամանակ ոչ վստահել են ինձ, որ ես ղեկավարեմ բանակը, իմ ասած 3 առաջարկներից որը կատարեին, հաղթանակը մերն էր լինելու, ոչ մեկը չեն արել»: