Եվրախորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նախատեսվում է քննարկել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքից:

Ըստ հրապարակված օրակարգի՝ խորհրդարանում նիստեր են նախատեսված մայիսի 17-20-ը: Մայիսի 20-ի լիագումար նիստում նախատեսված են դեբատներ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների վերաբերյալ: Նույն օրվա օրակարգում է ռազմագերիների հարցը: Առաջարկված է բանաձև, նախատեսվում է քվեարկություն:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է: Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք: