Երեք քույր. Die Zeit-ը՝ հորը սպանած Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործի և ընտանեկան բռնության առնչությամբ ՌԴ-ում օրենսդրական բացերի մասին

Գերմանական Die Zeit պարբերականը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում հայազգի Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների աղմկահարույց քրեական գործին, որի համաձայն՝ քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար: Այս մասին փոխանցում է Tert.am-ը:

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.

«Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց բռնակալ հորը: Դա ինքնապաշտպանությու՞ն էր, թե՞ սպանություն:

Երեք քույրերն իրարից անբաժան էին, հատկապես այն դեպքում, որ հոր հետ բնակվում էին Մոսկվայի իրենց 2-սենյականոց բնակարանում: Մի քանի տարի առաջ Միխաիլ Խաչատուրյանն աղջիկների մորը և որդուն վտարել էր այդ բնակարանից: Նրանք չորսով էին մինչ 2018-ի հուլիսի 27-ը, երբ 19-ամյա Քրիստինան, 18-ամյա Անգելինան և 17-ամյա Մարիան այնպիսի բան արեցին, որը ցնցեց ամբողջ Ռուսաստանը: Նրանք հարձակվել էին 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի վրա և սպանել նրան:

Պարբերականը նշում է՝ Խաչատուրյան քույրերի պատմությունը երկիմաստ է: Այն պատմում է մի մարդու մասին, որն իրեն ամենազոր էր համար և ծաղրում էր սեփական ընտանիքին: Այն պատմություն է խաբեության, բռնության, վախի և դավադրության մասին: Այստեղ ներկայացվում է տղամարդկանց ուժը և կանանց անզորությունը մի այնպիսի երկրում, որտեղ մինչ օրս չկա օրենք, որը կպաշտպանի ընտանեկան բռնությունից: Ու հենց սա է այն հարցը, որն էլ դրդել երեք դեռահաս աղջիկներին սպանել իրենց հարազատ հորը:

Die Zeit-ը պնդում է, որ Խաչատուրյանը բռնակալ էր, իսկ նրա սպանությունն ուղղակի ինքնապաշտպանություն է եղել դեռահաս քույրերի համար:

«Այն, որ 57-ամյա տղամարդն իր հարազատ դուստրերին մարմնավաճառներ և տականքներ է անվանել, հաստատում են բջջային հեռախոսի տվյալները, որոնք կարելի է գտնել հետաքննության փաստաթղթերում: Դուստրերը պետք է նրան «Դուք»-ով դիմեին: Եթե նա նստած լիներ աթոռին և հնչեցներ զանգը, աղջիկները պետք է անհապաղ գային իր մոտ, այդ թվում՝ գիշերը, և նրա համար պատուհան բացեին կամ մի բաժակ ջուր տային: Երբ նա բարկացած էր լինում, իսկ Միխայիլ Խաչատուրյանը հաճախ էր զայրանում, նա սպառնում էր իր դուստրերին, թե կսպանի նրանց կամ կայլանդակի նրանց դեմքերը լուծույթով»,- նկատում է գերմանական լրատվամիջոցը:

Անդրադառնալով Միխայիլ Խաչատուրյանի պատմությանը՝ Die Zeit-ն իր հոդվածում մանրամասնում է՝ վերջինս, որն ընտանիքի հետ Բաքվից փախել էր Ռուսաստան, երբեք չի աշխատել Մոսկվայում, բայց միևնույն ժամանակ, միշտ ունեցել է այնքան գումար, որով կարողացել է պահել ամբողջ ընտանիքը:

«Ամեն ամիս, ինչպես հետագայում հարցաքննության ժամանակ պատմել են նրա դուստերը, ԱՄՆ-ից մի «ընկեր» 300 հազար ռուբլի է փոխանցել իրենց հորը: Հարևաններն ու հարազատները պատմել են, որ Խաչատուրյանը շանտաժի է ենթարկել մարդկանց, զբաղվել է թմրանյութերի վաճառքով, բայց ոստիկանությունը նրա «մեջքին կանգնած է եղել», և իհարկե այս ամենի մասին ոչ մի ապացույց դեռևս չկա»,- ընդգծում է լրատվամիջոցը:

Die Zeit-ն, որպես օրինակ բերելով այս աղմկահարույց պատմությունը, մահրամասնում է, թե ինչ վիճակում է ՌԴ օրենսդրությունը, երբ խոսքը վերաբերում է ընտանեկան բռնության թեմային: ԶԼՄ-ի խոսքով՝ երկրում «մինչ օրս ոչ մի հոդված հստակ չի պաշտպանում կանանց և երեխաներին ընտանեկան բռնությունից»,- կարծում է գերմանական պարբերականը:

Ամփոփելով ծավալուն հոդվածը հեղինակը պարզաբանում է նաև, որ «ավանդական արժեքները, որոնց այդքան հաճախ դիմում է հակառակ կողմը, դարձել են Ռուսաստանում գաղափարական պայքարի ծածկագրեր: Մի կողմից կան լիբերալներ, որոնք պահանջում են կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն: Մյուս կողմից կան այնպիսի մարդիկ, որոնք ավանդական արժեքների «ինքնահռչակ պահապաններն են»: Այս մարդիկ կիսում են այն կարծիքը, թե շրջապատված են արևմտյան գաղափարախոսներով և թշնամիներով, որոնք ամեն կերպ ցանկանում են թուլացնել Ռուսաստանը ընտանեկան բռնության քննարկման միջոցով»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի հատվածներում բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Նրա 3 դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզ է դարձել, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Ըստ քննության վարկածի՝ Խաչատուրովի կրտսեր դուստրը հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկու դուստրերը հոր գլխին են հարվածել։ Այնուհետև, քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգահարել։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը 2018-ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։