Զանգեզուրի միջա՞նցք. թե՞ ճանապարհ. տարբերություն չկա

Զանգեզուրի միջա՞նցք. թե՞ ճանապարհ. տարբերություն չկա

Հայաստանի ընդդիմադիրները պարզապես չեն հավատում, թե Նիկոլ Փաշինյանը Սոչիում կայացած եռակողմ՝ Պուտին-Ալիև հանդիպմանը չի քննարկել Սյունիքով միջանցք տրամադրելու հարցը: Եվ ճիշտ են անում, որովհետև սա ընդամենը բառախաղ է, որով հայ հանրությանը փորձում էր մոլորության մեջ գցել Փաշինյանը, թե միջանցք՝ ոչ, բայց ճանապարհ լինելու է: Փաստ է, որ թշնամուն ավտո և երկաթուղային ուղիներ տրամադրելու հակում նա ունի:

Եվ չի էլ թաքցրել, ասել է, որ Ադրբեջանը ոչ միայն Նախիջևանի, այլ նաև Թուրքիայի հետ երթուղի Հայաստանով պիտի ունենա: Խնդիրն այն է, թե ինչու՞ Հայաստանի վարչապետը, ծանրագույն պարտությունից հետո, չի դրսևորում տարրական մարդկային արժանապատվություն, որ գոնե հարցը առկախի՝ հետաձգի: Ի վերջո՝ երբ նորմալ մարդուն վնասում են, գոնե առժամանակ նա ցավի զգացումից տանջվում է, ոչ թե հրճվանքով ընդունում դահճի ամեն զառանցանք կամ համբուրում իրեն հարվածած ձեռքը:

Դիցուք, նա չունի այդ ազգային ողբերգության զգացումը, բայց կարելի է չէ, սեփական ինքնապահպանման համար իսկ կանգ առնել: Իսկ եթե չես կարողանում դեպի ազգային դավաճանության անդունդը գահավիժելդ կանգնեցնել, նույնիսկ՝ հեռանալ:

Հակառակն անառողջ է, հակառակը կոչվում է Ստոկհոլմյան սինդրոմ՝ երբ զոհը դրական հակումներ է ունենում իր դահճի հանդեպ, և ենթակա է բուժման:

Վերադառնանք միջանցք-ճանապարհ բառախաղին: Այո՝ բառախաղին, որովհետև էական տարբերություն դրանք չունեն: Տարբերությունը կարող է լինել դետալների մեջ. օրինակ՝ ով է հսկելու ճանապարհ-միջանցքը: Ընդամենն այսքանը: Եվ ցավալի է, որ սա չի գիտակցվում, այլ իբրև էժանագին թմրանյութ մարսվում է պարզունակ սուտը, թե Զագեզուրի միջանցք՝ ոչ, ճանապարհ՝ այո, լինելու է…

Նանե Մակուչյան