Զանգեզուրի միջանցքը բացվու՞մ է

Զանգեզուրի միջանցքը բացվու՞մ է

«Վերջին իրադարձությունները՝ կապված Զանգեզուրի միջանցքի բացման հետ վկայում են, որ մենք հասնում ենք մեր ուզածին»,-այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Զանգելան կատարած այցի շրջանակում: Նա հավելել է, որ ներկայումս Զանգելանում կառուցվում է երկաթգիծ, ինչպես նաև Հորադիզ-Աղբանդ ավտոմոբիլային ճանապարհը: https://haqqin.az/news/223275

Նկատենք, որ այսօր՝ Մոսկվայում, կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հերթական հանդիպումը՝ կապված տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ:

«Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կողմերն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և քննարկվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը: Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը»,-առանց բովանդակային մանրամասների, հաղորդում է ՀՀ կառավարությունը: