Զինծառայողն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը

Ս.թ. մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Զորամասն ինքնակամ թողնելը համարվում է քրեական հանցակազմ պարունակող արարք, իսկ նման դեպքերում մամուլի հաղորդագրություն չի տարածվում՝ նախաքննության ընթացքին և զինծառայողին հայտնաբերելու օպերատիվ միջոցառումներին չխանգարելու նպատակով։

Հիշեցնենք` ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ Վարդենիսի տարածաշրջանում ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է անհետ կորել։ Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը լրատվամիջոցին հայտնել էր, որ ոստիկանությունը փնտրում է տղային։ Նա նաև ասել էր, որ զինվորի հետ կապված միջադեպը Գեղարքունիքի մարզի սահմանային վերջին իրադարձությունների հետ ընդհանրապես կապ չունի: