Թալիբանների մասին, որոնք պատրաստվում են հայտնել «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» ստեղծման մասին

Թալիբներ, Թալիբան (փուշթու՝ طالبان – մեդրեսեի սովորողներ, ուսանողներ), իսլամական շարժում, որ սկիզբ է առել Աֆղանստանում՝ պուշթունների շրջանում 1994 թվականին, ղեկավարել Աֆղանստանը 1996-2001 թվականներին («Աֆղանստան Իսլամական Էմիրաթ») և Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան շրջանը («Վազիրիստանի իսլամական պետություն») 2004 թվականից։ Աֆղանստան Իսլամական Էմիրաթը դիվանագիտորեն ճանաչել են երեք պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը և Սաուդյան Արաբիան։

«Թալիբան» շարժումը միջազգային մակարդակով դատապարտվել է իսլամական շարիաթի օրենքների իրենց մեկնաբանությունը խստորեն պահպանելու համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ աֆղանների նկատմամբ դաժան վերաբերմունքի։ 1996-2001 թվականներին կառավարման ժամանակ թալիբները և նրանց դաշնակիցները զանգվածային սպանություններ են իրականացրել խաղաղ աֆղանների դեմ, մերժել ՄԱԿ-ի պարենի մատակարարումները 160 000 սովյալ քաղաքացիական անձանց համար, այրել բերրի հողերի հսկայական տարածքներ և ոչնչացրել տասնյակ հազարավոր տներ։ Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ թալիբները և նրանց դաշնակիցները պատասխանատվություն են կրում 2010 թվականին Աֆղանստանի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի 76 %-ի, 2011 և 2012 թվականներին՝ 80 տոկոսի համար։ Թալիբներն իրականացրել են նաև մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ Բուդդայի բամիանական 1500-ամյա հայտնի արձանները։

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն 2003 թվականին։

2021 թվականին ԱՄՆ-ի զորքերի Աֆղանստանից դուրբերումին զուգահեռ՝ թալիբները գրավեցին նշանակալի տարածքներ Աֆղանստանի բոլոր երկրամասերում։ 2021 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ՝ Աֆղանստանի տարածքի ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլը գտնվում է թալիբների վերահսկողության ներքո։

Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պարետային ժամ է սահմանվել ժամը 21:00-ից: Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզակվալայի հայտարարությանը:

Նախարարն ասել է, որ սահմանափակումները սահմանվում են «անկարգությունները կանխելու և Քաբուլի բնակիչների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար»:

Միրզակվալը քաղաքացիներին հորդորել է հանգստություն պահպանել և 21:00-ից հետո չլքել իրենց բնակության վայրը:

Ինչպես հայտնում է Press Association-ը, վկայակոչելով «Թալիբան»-ի պաշտոնյային, թալիբները պատրաստվում են հայտարարել, որ իրենք վերահսկողություն են հաստատել երկրի վրա, և որ դա այժմ «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունն» է: