Թալիբները շրջում են Աֆղանստանի քաղաքներով՝ փնտրելով 12-45 տարեկան չամուսնացած կանանց ու աղջիկների. Daily Mail

Թալիբներն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի գրավումից հետո շրջում են փողոցներով՝ փորձելով գտնել ամերիկյան ուժերի հետ համագործակցած քաղաքացիներին, ինչպես նաև, ըստ որոշ տվյալների, որսում են անչափահասների՝ սեքս ստրուկներ դարձնելու համար:

Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է  Daily Mail-ը, ջիհադիստ հրամանատարները, ըստ տեղեկությունների, իմամներին կարգադրում են ներկայացնել 12-45 տարեկան չամուսնացած կանանց ու աղջիկների ցուցակներ, որոնց պետք է ամուսնացնեն իրենց զինյալների հետ:

Հաղորդվում է, որ «Թալիբան»-ի գրոհայինները գնդակահարել են «նեղ հագուստով» մի կնոջ, իսկ որոշ շրջաններում կանայք չեն կարող տնից դուրս գալ առանց տղամարդու:

Քաբուլի առաջին կին քաղաքապետը խոստովանել է, որ պարզապես նստած սպասում է՝ երբ թալիբները կգտնեն և կսպանեն իրեն և իր ամուսնուն:

27-ամյա Զարիֆա Ղաֆարին թերթերից մեկին ասել է. «Ես պարզապես նստած եմ ամուսնուս հետ: Նրանք կգան և կսպանեն ինձ: Ես չեմ կարող լքել իմ ընտանիքը: Եվ հետո, ո՞ւր գնայի»:

«Թալիբան»-ի զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ վայր Է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար և հեռացել է երկրից: