Թուրքական Քոնիայի 19-րդ դարի հայկական եկեղեցին կվերածվի «Հումորի համաշխարհային վարպետների տան»

Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել հարավ-կենտրոնական Քոնիա նահանգում գտնվող, վերջերս վերանորոգված Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին վերածել մշակութային կենտրոնի, հայտնում է ahvalnews.com լրատվական գործակալությունը:

19-րդ դարի շենքը, որը փակ էր երկրպագության և այցելուների համար, վերականգնման նախագիծը 2017 թվականին ավարտելուց հետո կբացվի որպես «Հումորի համաշխարհային վարպետների տուն»: Հումորի կենտրոնի բացվելու հստակ ամսաթիվը հայտնի չէ:

Աղբյուրը մանրամասնում է, որ վերանորոգման ծրագիրն իրականացվել է Աքշեհիրի քաղաքապետարանի և Քոնիայի տարածաշրջանային զարգացման ծրագրի վարչության (KOP) կողմից: Դրա ընդհանուր արժեքը կազմել է 3.5 միլիոն թուրքական լիրա (475 հազար ԱՄՆ դոլար):

Այս տարի սա վերջին և թվով 6-րդ քրիստոնեական հուշարձանն է, որը վերափոխվում է զբոսաշրջության վայրի կամ մզկիթի: Ավելի վաղ վերափոխման էին ենթարկվել բյուզանդական չորս եկեղեցի և Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը:

ԱՄՆ-ում գործող Միջազգային քրիստոնեական կոնցեռն ոչ առևտրային կազմակերպությունը քննադատել է Թուրքիայի իշխանություններին այն բանի համար, որ ջանք չեն գործադրում եկեղեցիներն իրենց քրիստոնեական համայնքների համար վերականգնելու ուղղությամբ:

Հայտարարության մեջ ասվում է, որ սա միջազգային ասպարեզում կրոնական ազատության պատրանք ստեղծելու միտում ունի, սակայն իրականում թուրքական իշխանությունները քանդում են եկեղեցիները`դրանք զբոսաշրջության կենտրոնների, մշակութային հաստատությունների և մզկիթների վերածելով: Իսկ քրիստոնեական համայնքները, որոնց պատկանում են տվյալ եկեղեցիները, ստիպված են լինում պետությանը դիմել երկրպագության նպատակով այդ վայրեր մուտք գործելու խնդրանքով: