Թուրքիայի արձագանքը՝ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը՝ այն անվանելով քաղաքական պատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ՝ փոխանցում է Ermenihaber-ը:

«Լատվիայի խորհրդարանում այսօր ընդունված 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող որոշումը պատմությունը քաղաքական նպատակներով վերաշարադրելու անօրինական փորձ է: Այդ անհաջող ու անօրինական որոշումը մերժում ենք ու դատապարտում: Խորհրդարանները պատմություն գրելու և արդարադատություն իրականացնելու մեխանիզմներ չեն:

Այս նախաձեռնությունը հակասում է նաև 1948-ին ընդունված՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ինչպես նաև ՄԻԵԴ-ի կողմից 2013 և 2015 թթ. ընդունված որոշումներին (նկատի ունի թուրք ուլտրաազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով Շվեյցարիայի դեմ կայացված վճիռը — խմբ.), որոնք ցույց են տալիս 1915-ի իրադարձությունների վիճարկելի էությունը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ: