Թուրքիան հրաժարվել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ գնելուց

Թուրքիան որոշում է կայացրել հրաժարվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ գնելուց: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Ռուսական պատվաստանյութն ադենովիրուսային է: Խնդիրն ի հայտ է եկել GLP-ի (Լավ լաբորատոր պրակտիկա՝ խմբ.) համապատասխանության պատճառով: Ռուսական պատվաստանյութը չի կարող համապատասխանել դրան: Այդ պատճառով ԱՀԿ-ն և աշխարհը չեն կարող ձեռք բերել այդ պատվաստանյութը»,- ասել է թուրք նախարարը:  

Նրա խոսքով՝ այդ պատվաստանյութը չէր կարող արտոնագիր ստանալ Թուրքիայում: «Այդ պատճառով այն դուրս է գալիս մեր հետաքրքրությունների շրջանակներից»,- հավելել է առողջապահության նախարարը:  

Նոյեմբերի 25-ին Քոջան հայտարարել էր, որ առաջիկայում երկրում կմեկնարկեն ռուսական պատվաստանյութի թունաբանական փորձարկումները, իսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ Անկարան շարունակում է բանակցություններ վարել Մոսկվայի հետ պատվաստանյութի ներկրման հարցով:  

GLP-ն (Լավ լաբորատոր պրակտիկա) նորմերի, կանոնների և ուղենիշների համակարգ է, որն ուղղված է լաբորատոր հետազոտությունների արդյունքների վստահելիության ապահովմանը:

Նշենք, որ Թուրքիայում վերջին շաբաթներին պարբերաբար թարմացվում են երկրում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ռեկորդային ցուցանիշները: Վերջին տվյալների համաձայն՝ երկրում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 893 630 մարդ, մահացել՝ 15 314-ը: