«Թուրքիան ջիհադականների զբոսաշրջային գործակալություն է». Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու համար՝ այդ երկիրը  որակելով որպես «ջիհադականների զբոսաշրջային գործակալություն», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքիայի գործողությունները դուրս են միջազգային իրավունքի շրջանակներից, դրանք ապակայունացնում են տարածաշրջանը և սպառնում են ուժի կիրառմամբ»,-ասել է Դենդիասը երեքշաբթի Ամմանում Հունաստանի, Կիպրոսի և Հորդանանի արտգործնախարարների հանդիպումից հետո:

Հույն նախարարը Թուրքիային մեղադրել է ներգաղթյալներին որպես քաղաքական գործիք շահագործելու և անվտանգության խնդիրներ խթանելու հարցում: Նա Անկարայի գործողությունները որակել է անընդունելի՝ նշելով, որ Աթենքը բազմիցս կոչ է արել Թուրքիային կառուցողական երկխոսություն ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների հետ:

«Ներգաղթյալներին որպես քաղաքականության գործիք օգտագործելով, քարոզչություն և կեղծ լուրեր տարածելով, անվտանգության խնդիրը սրելով, ջիհադականներին Լիբիայից Կովկաս տեղափոխելով, ես դա անվանում եմ ջիհադականների համար զբոսաշրջային գործակալություն, Անկարան խաղաղության  և տարածաշրջանում կայունության համար սպառնալիքներ է ստեղծում»,-ասել է Դենդիասը: