Ինչու՞ սկսվեց պատերազմը. 2020-ի սեպտեմբերի 27-ից մեկ տարի անց

Ինչու՞ սկսվեց պատերազմը. 2020-ի սեպտեմբերի 27-ից մեկ տարի անց

Ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 26-ի, լույս 27-ի գիշերը, ադրբեջանական զինված ուժերը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցությամբ, լայնածավալ հարձակում սկսեցին Ղարաբաղի Հանրապետության դեմ: Ինչպես հետո պիտի պարզվեր՝ այդ ռազմարշավը նախապես, մանրակրկտորեն նախապատրաստված էր: Ավելին՝ ամիսներ առաջվանից դրան ընդգրկվել էին զինված անձինք Սիրիայից, Արաբական այլ պետություններից, որոնցից ոմաՆց հետ այսօր էլ այդ երկու տերությունները ռազմական փոխգործակցություն են իրականացնում:
Պատերազմի հետևանքով հայկական ուժերը, ինչպես հայտնի է, պարտություն կրեցին, չնայած իշխանական քարոզչամեքենայի համառ ջանքերին՝ ներկայացնել հետընթացն իբրև հաղթանակ կամ դրա նախադրյալ:
Իսկ ինչու՞ սկսվեց պատերազմը: Այս հարցին այն սանձազերծած պետության ղեկավարն՝ Իլհամ Ալիևը, պատասխանել է այսպես. Հայաստանը փակուղի էր մտցրել բանակցային գործընթացը: Ավելին՝ կրկին Ալիևի հռետորբանությամբ, դա տեղի ունեցավ մասամբ նաև ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Ն. Փաշինյանի այն հայտարարության պատճառով կամ իբրև հետևանք, թե Արցախը Հայաստան է և վերջ:
Այնպես չէ, որ հարևան երկրի բռնապետի խոսքերն ընդունվել են անվերապահորեն, բայց գտնել պատերազմ սկսելու պատճառներն ավելի լավ գիտեցող անձ, քան այն սանձազերծողն է, անհնար է:
Անշուշտ սպասելի էր տարիներ շարունակ ձգձգված ԼՂ բանակցությունները ռազմական ճանապարհով լուծելու, դրանով ողջ միջազգային հանրության գործադրած ջանքերի վրա սառը ջուր լցնելու արկածախնդրություն, ինչի համար, վերջիվերջո, Ադրբեջանն ու Թուրքիան պատասխան են տալու: Սակայն նաև աներկբա է, որ չլինեին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անհավասարակշիռ, ամեն բան սեփական զրոյական կետից սկսելու անհեռատես ճամարտակությունները, ասիական խանի ախորժակն այդքան անզուսպ չէր բացվի…

Նանե Մակուչյան