Ինչպե՞ս խուսափել նոյեմբերի 9-ին փաստաթղթեր ստորագրելուց

Ինչպե՞ս խուսափել նոյեմբերի 9-ին փաստաթղթեր ստորագրելուց

Հայաստանյան իշխանություններն ինչպես քայլքով եկան իշխանության, այնպես էլ սպորտային հետաքրքրությամբ քայլ են ուզում անել դեպի այսպես կոչված՝ Խաղաղության դարաշրջան: Կարծես դա խաղ ու պար է՝ պատերազմից հետո անմիջապես խաղաղություն հաստատելը: Պատահական չէ, որ բոլոր նրանց համար, ովքեր առնվազն անտարբեր չեն Արցախի և Հայաստանի սահմանների անառիկության ու անվտանգության հարցերի հանդեպ, Խաղաղության օրակարգի մասին խոսելը հնչում է աբսուրդի նման տարօրինակ:
Անգամ խաղաղության օրակարգի «նախահայր» Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ փոխնախագահն է «Ազատությանը» տված հարցազրույցում քննադատել Փաշինյանի պատրաստակամությունը՝ այն համարելով ոչ թե Խաղաղության, այլ՝ Ադրբեջանի ցանկությունները բավարարելու օրակարգ:

Ասվածն, անշուշտ, չի նշանակում տարփողել պատերազմի գաղափարախոսությունը, սակայն հաշվի չնստել, կամ գեթ չփորձել հասկանալ՝ ինչու է մի ստվար զանգված դեմ նոյեմբերի 9-ին սպասվող զիջումներին, առնվազն լուրջ չէ: Նախ, որովհետև դրանք բերելու են նոր կորուստների՝ անվտանգային հարցերում, և նոր ցնցումների՝ ներքին դժգոհության առումով: Նոր թափ է հավաքելու Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջելու շարժումը, ինքը՝ Փաշինյանն էլ, եթե համաձայնի ավելի խորը կապիտուլյացիոն փաստաթղթի տակ ստորագրություն դնելուն, ըստ էության դաջելու է «դավաճանի» պիտակն իր ճակատին՝ անջնջելիորեն:
Ուստի անհրաժեշտ է գոնե այս փուլում հրաժարվել նոր, չմտածված զիջումների գնալու անմտությունից, ռազմական գործողությունների վերսկսման վախերը հաղթահարելու համար էլ դիմել հոգեբանի օգնության ու հանգիստ թողնել պետությունը:
Ի վերջո, ինչպես վերջերս մի եվրոպացի դիվանագետ էր խաղաղության հաստատման առումով ասել՝ պատերազմից հետո Հայաստանի վերքերը դեռ ՉԵՆ ՍՊԻԱՑԵԼ:
Թվում է՝ հիանալի, իսկ որ ամենակարևորն է՝ ճիշտ դիտարկում, որը կարող է Հայաստանի համար անցանկալի համաձայնագրերի կնքման առկախման հիմք հանդիսանալ…

Նանե Մակուչյան