Իրանն էլ արթնացավ, Հայաստանի ղեկավարությունն «ուղտի ականջում»  քնած է

Իրանն էլ արթնացավ, Հայաստանի ղեկավարությունն «ուղտի ականջում» քնած է

Մինչ ՀՀ ղեկավարությունը տարփողում է խաղաղության դարաշրջանի զառանցանքը, սքողելով պատերազմի կրկնության սեփական վախերը, Հայաստանի և Արցախի սահմանակից երկրներում լրջագույն գործընթացներ են տեղի ունենում:
Անցյալ տարի ադրբեջանաթուրքական ասպատակումից տեսանելի էր, որ նպատակը, կամ նպատակներից առավելագույնը, Իրանի սահմանագծով վերահսկողություն հաստատելն էր: Բնավ պատահական չէր, որ առաջին ու ամենահուժկու հարվածը դրանք հասցրին հարավային՝ Իրանի սահմանին ամենամոտը գտնվող Ջաբրայիլին: Սրանով է բացատրվում նաև Թուրքիայի գործուն մասնակցությունն այդ պատերազմին: Մինչդեռ զգուշավորությունից, թե ավելի հեռուն գնալու՝ Թուրքիայի մտայնության թերագնահատումից ելնելով՝ ԻԻՀ-ն այնժամ բավարարվեց մեկ-երկու դիվանագիտական զգուշացմամբ: Գուցե նաև հույս էին տածում, որ ՀՀ ղեկավարությունն անադեկվատ չի գտնվի և անխնա չի նվիրաբերի Արցախն ու Հայաստանը՝ թշնամուն:
Երևի պրոցեսներն ավելի արագ են ընթանում, որովհետև ԻԻՀ-ն՝ ամենաբարձր մակարդակով՝ առաջնորդ Խամենեիից մինչև երկրի խորհրդարան ու ԱԳՆ ղեկավար, բացահայտորեն հայտնում են իրենց անհանդուրժողականությունն՝ Ադրբեջան-Թուրքիա աճող ախորժակին:
ԻԻՀ ղեկավարներն երեկ ու այսօր հայտարարել են, որ այո՛, «Արաքսի երկայնքով «Խայբարը նվաճողները» զորավարժության անցկացումը հզորության ու խաղաղության ուղերձ է և նախազգուշացում է սիոնիստական ռեժիմին»։ Ավելին՝ «Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, և մենք օտարների գործողություններին պատասխանելիս չենք հապաղելու»-ասված է երկրի խորհրդարանականների հայտարարության մեջ։
Ի պատասխան իրանական զորավարժությունների՝ Նախիջևանում եռօրյա զորավարժանքների մասին են հայտարարել նաև Թուրքիայի պաշտոնյաները:
Իրանի բացահայտ անհանդուրժողությունը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին խորագույն պատճառներն ունի. Իրանը, գուցե նաև Չինաստանը, չեն կարող հանդուրժել դեպի Եվրոպա Հայաստանով անցնող ցամաքային ճանապարհի անցումն Ադրբեջանի, Թուրքիայի կամ Իսրայելի հսկողությանը: Անվտանգային մտահոգությունները ևս տեսանելի են:
Տարածաշրջանային հզորներն «արթնանում», են, և կրկին Մեղրին ու Զանգեզուրը հայտնվել են նրանց հետաքրքրությունների կիզակետում: Հավանաբար, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դրանք կշարունակեն մնալ Հայաստանի տիրապետության ներքո, բայց դա հաստատապես այս իշխանությունների հաջողությունը չի լինի…