«Իրավունքի ուժ» հ/կ հայտարարությունը

«Իրավունքի ուժ» հ/կ հայտարարությունը

Դատավորները և նիստերի քարտուղարները տեղյակ չեն ԲԴԽ որոշումից

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության դիտարկումները փաստում են, որ թե՛ Երևանում, թե՛ մարզերում բազմաթիվ դատավորներ և դատական նիստերի քարտուղարներ տեղյակ չեն Բարձրագույն դատական խորհրդի՝ ԶԼՄ-ներին վերաբերող որոշումից և հաճախ չեն իրագործում այն։ Որոշումը ընդունվել է գրեթե երեք տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին, այն սահմանում է Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները, որով հստակեցված է դռնբաց դատական նիստի ընթացքում լուսա/տեսանկարահանումներ իրականացնելու համար թույլտվություն ստանալու ընթացակարգը։
Համաձայն ԲԴԽ որոշման՝ լրագրող դատական նիստի մեկնարկից առաջ մոտենում է նիստերի քարտուղարին, ներկայանում և իրազեկում է, որ ցանկանում է լուսա/տեսանկարահանել կամ ուղիղ հեռարձակում իրականացնել։ Քարտուղարը նիստի մեկնարկին դատավորին է ներկայացնում, թե ովքեր են ներկայացել դատական նիտին և անմիջապես տեղեկացնում է, որ դահլիճում ներկա է նաև լրագրող, ով ցանկանում է լուսա/տեսանկարահանել կամ ուղիղ հեռարձակում իրականացնել։ Դատավորը, տեղեկանալով այդ մասին, դատավարության կողմերից ճշտում է նրանց դիրքորոշումը դատական նիստի լուսա/տեսանկարահանման վերաբերյալ և կայացնում բավարար հիմնավորված որոշում։
Այս որոշում, սակայն, բազմաթիվ դատարաններում չի գործում։ Դատավորներից շատերը շարունակում են աշխատել «հին ու բարի» եղանակով, այն է՝ դատական նիստի ընթացքում լրագրողը ստիպված է ընդհատել դատավորին, ինչի իրավունքն ըստ էության չունի, և անձամբ դատավորից խնդրել թույլտվություն նկարահանման համար։ Փորձառու լրագրողները սովոր են աշխատանքի այս մեթոդին և հիմնականում չեն հակառակվում դրան։ Իրավիճակը սակայն առավել բարդ է սկսնակ լրագրողների համար, ովքեր հաճախ կաշկանդվում են և չեն համարձակվում ընդհատել դատական նիստն ու անձամբ դիմել դատավորին։
ԲԴԽ որոշմանն անտեղյակ լինելը դատավորին թույլ է տալիս աշխատել սեփական մեթոդաբանությամբ։ Օրինակ, Սյունիքի մարզում լրագրողին ստիպում են դիմում գրել և դատավորին գրավոր կարգով խնդրել թույլ տալ մասնակցել դատական նիստին, լուսա/տեսանկարահանում իրականացնել։
Իհարկե, կան նաև փոքրաթիվ դատավորներ, ովքեր աշխատում են ԲԴԽ-ի սահմանած կանոններով, թեև նրանց քարտուղարները ևս որպես կանոն տեղյակ չեն լինում դրանց մասին և լրագրողներից են իրազեկվում, թե ինչ պետք է անեն։ Ավելին, 2019-2021 թվականներին այցելած բազմաթիվ դատարաններից որևէ մեկում չենք հանդիպել գեթ մեկ դատական նիստերի քարտուղարի, ով տեղյակ է եղել ԲԴԽ որոշմանը։
Քարտուղարները հաճախ չեն հասկանում, թե լրագրողներն ինչու են նիստից առաջ իրենց «անհանգստացնում» և խորհուրդ են տալիս այդ հարցով դիմել ուղիղ դատավորին։ Եղել է դեպք, երբ քարտուղարը թեև մոտը նշում է կատարել, որ տվյալ ԶԼՄ-ի ներկայացուցիչը դատարանում է և ցանկանում է նկարահանել նիստի ընթացքը, սակայն այդպես էլ ողջ նիստի ընթացքում դատավորին չի տեղեկացրել այդ մասին։ Իսկ մարզային դատարաններից մեկում ականատես եղանք, թե ինչպես է դատարանի աշխատակազմի ներկայացուցիչը բառ առ բառ թելադրում նիստերի քարտուղարին, թե նա ինչպես պետք է դատավորին զեկուցի լրագրողների վերաբերյալ։ Իհարկե, ամեն դատարանում չէ, որ նման աշխատակիցներ են հանդիպում և մեծամասամբ նիստերի քարտուղարին իր պարտավորությունները բացատրելը մնում է լրագրողների վրա։
Ամփոփելով կարող ենք փաստել, որ դատավորները և նիստերի քարտուղարները չեն կատարում ԲԴԽ որոշումը առավելապես դրան ծանոթ չլինելու պատճառով։ Հավանաբար դատարաններին պատշաճ չեն ծանուցել ԲԴԽ-2-Ն-1 որոշման վերաբերյալ և դատավորներին ու նիստերի քարտուղարներին չի բացատրվել, որ այդուհետ պետք է գործեն ԲԴԽ սահմանած կանոններով։

Արման Ղարիբյան
լրագրող, «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր