Ի հեճուկս Ալիևի արկածախնդրության

Ի հեճուկս Ալիևի արկածախնդրության

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում, այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ բարձրաձայնելով ԱՄՆ այս դիրքորոշումը։

Անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից իրանական պետհամարիշներով բեռնատարների փաստաթղթերի ստուգումներին՝ Լին Թրեյսին շեշտել է՝ ծագող լարվածությունները լուծելու համար խնդրի համապարփակ լուծման անհրաժեշտություն են տեսնում։

«Այն, ինչ տեսնում ենք Սյունիքի մարզում, մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին, այդ առումով, մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատև խաղաղության», — ասել է դեսպանը՝ շարունակելով․ — «Ուզում եմ ընդգծել և արդեն մի քանի անգամ ասել եմ, որ մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է։ Մենք համապարփակ լուծման անհրաժեշտություն ենք տեսնում, որի համար պետք է ընթանան բանակցություններ, և դա շատ կարևոր ճանապարհ է՝ լուծելու ծագող տարբեր լարվածությունները, որ հատկապես տեսնում ենք սահմանամերձ շրջաններում։ Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սա է ամերիկյան կողմի դիրքորոշումը»։