Կաճեցվի արդյունաբերական կանեփ. այն կակտիվացնի հողօգտագործումը

Տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակում, որը հաստատվեց կառավարության նիստում, Հայաստանում կիրականացվի արդյունաբերական կանեփի աճեցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր կարծիքով՝  արդյունաբերական կանեփի մշակումը բազմաթիվ շահարկումների տեղիք է տալու։

«Շատ կարևոր է, որ ծրագիրը մանրամասն լուսաբանվի, որպեսզի հանրությունն ամբողջական տեղեկատվություն ունենա, թե խոսքն ինչի մասին է։ Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է։ Եվ տվյալ դեպքում խոսքը արդյունաբերական հումքի մշակման մասին է, որը, իհարկե, ռիսկեր ունի։ Եվ այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան, այդ մեխանիզմներն արդեն փորձարկված են մի շարք երկրներում»,- ասաց Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ արտադրական կանեփի աճեցման շատ դրական փորձ կա ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Չինաստանում։ «Այդ փորձն ուսումնասիրվել է էկոնոմիկայի նախարարության կողմից, արդեն կա մշակված նախնական հայեցակարգ։ Եվ կարգավորումների մոտավոր պատկերացումը նույնպես ունենք։ Խոսքը միայն արտադրական կանեփի մասին է։ Դա էականորեն կակտիվացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը։ Բավական մեծ ծավալի հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 40 տոկոսը, չեն օգտագործվում։ Խոսքը միայն կանեփի մասին չէ, կան այլ մշակաբույսեր՝ բարձրարժեք արտադրանք տվող։ Այս քաղաքականությունն անպայման համարձակ առաջ ենք մղելու»,- նշեց Տիգրան Ավինյանը։