Կլուծվի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը. շենքերը հիմնականում Երևանում, Շիրակի ու Լոռու մարզերում են

Գործադիրը հավանություն է տվել «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացրած` Շինարարների փողոց հ.23/9 հասցեում գտնվող հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին: Ինչպես նաև համաձայնություն է տրվել Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող՝ տվյալ հասցեում հողամասը ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարելուն՝ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով: Ընկերությունը հանդիսանում է Երևանի Շինարարների փողոցի հ.23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերը, որտեղ նախատեսվում է իրականացնել 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր ունեցող ընդհանուր 11 556 քմ. մակերեսով բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ: Շինարարների փողոցի հ.23/1 հասցեի հարևանությամբ տեղակայված է մեծ մաշվածության աստիճան ունեցող 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների փողոցի հ.23 հասցեում գտնվող շենքը, որն ունի 36 բնակարան մոտ 2000 ք/մ մակերեսով: Բնակիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ վերջիններս մտավախություն են հայտնել շենքի վիճակի ավելի վատթարանալու հետ կապված: Արդյունքում, ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, նոր կառուցվող շենքից բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ և կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը: Ընկերությունը պարտավորվում է նաև Շինարարների փողոցի հ.23 և հ.23/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումից հետո՝ չկառուցապատվող 750 քմ մակերեսով հողամասը բարեկարգել և կանաչապատել:

Հիմնավորման համաձայն՝ Երևանում առկա վթարային շենքերի զգալի մասը տեղակայված են Աջափնյակ վարչական շրջանում: Շենքը կառուցվել է 1960-ական թվականներին, ունի զգալի մաշվածության աստիճան, գտնվում է անմխիթար վիճակում: Շենքի հիմնապատերին առկա են խորը ճաքեր և դեֆորմացիաներ և ենթակա է քանդման:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ծրագիրը, որը կարող է նախադեպ դառնալ, շատ կարևոր է Երևան քաղաքի բնակֆոնդը թարմացնելու առումով:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ ծրագիրը բավականին երկարատև քննարկումների արդյունք է: «Գաղափարը հետևյալն էր. շինարարական ներդրումային հետաքրքրություն ունեցող տարածքներում գտնվող վթարային շենքերի տարածքները հատկացնել ներդրողին կառուցապատման համար՝ այն պայմանով, որ վերջինս կապահովի տվյալ շենքում ապրող քաղաքացիների տեղափոխումն այլ բնակելի տարածք և նոր շենքը կառուցելուց հետո այդ ընտանիքներին կհատկացնի նոր բնակարաններ», — ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ գործարկվել է մեխանիզմ, որով առնվազն առաջին փուլով Երևանի վթարային շենքերի խնդիրը կլուծվի և հույս հայտնել, որ հետագայում այն կիրականացվի նաև մարզերում:

Սուրեն Պապիկյանը հայտնել է նաև, որ քննարկումների արդյունքում որոշվել է՝ կառուցապատող ընկերությունն ու վթարայինի բնակիչները իրավահարաբերություններն իրար հետ են որոշում, բնակիչը կարող է կառուցապատողից ստանալ ինչպես նոր բնակարանը, այնպես էլ դրա գումարը և այլ տեղ բնակարան գնել։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ հայտնել է, որ Հայաստանում վթարային շենքերի թիվն ավելի քան 600 է, որից 95-ը 4–րդ կարգի են: Վթարային շենքերը հիմնականում Երևանում, Շիրակի ու Լոռու մարզերում են։