Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներն իրականացվելու են Ռուսաստանի աջակցությամբ. ԱԽ քարտուղար

Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները իրականացվելու են Ռուսաստանի աջակցությամբ։ Մեր տեսանկյունից՝ Ռուսաստանի զինված ուժերի վերջին տասներկու տարիների բարեփոխումներն ամենահաջողվածներից են, ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ բանակի արդիականացումը և օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինությունը նպաստել են, որ Ռուսաստանը շարունակի ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը։ «Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհ ու կկառուցենք հզոր հայկական բանակ։ Իսկ սպառազինության վերաբերյալ կնշեմ, որ գնելու ենք լավագույն զենքերը, և ձեզ հայտնի է, թե ո՛ր երկիրն է այդ բնագավառում առաջատարը։ Միաժամանակ, մենք պլանավորում ենք հետագայում ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը»,- ընդգծել է նա։

Խոսելով Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ հնարավոր փոփոխությունների մասին՝ Գրիգորյանն այդ գործընթացը սկսելը դեռ վաղ է որակել:

«Նման հնարավորություն կընձեռվի միայն նախանշված խորհրդարանական ընտրություններից հետո։ Անկասկած, պատերազմը շատ բաներ փոխեց, բայց և այնպես շատ բաներ մնացին անփոփոխ: Եվ այս առումով, ենթադրում եմ, որ ռազմավարությունը չի կորցրել իր արդիականությունը»,- ասել է նա: