Հայաստանի և Իրանի ազգային արխիվները  համագործակցության շրջանակում Հուշագիր կստորագրեն

Հայաստանի և Իրանի ազգային արխիվները համագործակցության շրջանակում Հուշագիր կստորագրեն

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սոյյեդ Հոսեյն Թաբաթաբային և ԻԻՀ մշակութային ժառանգության ակադեմիայի հետազատության բաժնի պրոռեկտոր Մոռթեզա Ռեզվանֆարին:
Զրուցակիցները կարևորել են երկու բարեկամ ժողովուրդների միջև առավել խորը համագործակցության անհրաժեշտությունը՝ մասնավորապես պատմամշակութային ժառանգության փոխադարձ ճանաչման, արխիվային տվյալների երկուստեք փոխանակման առումով:
Սոյյեդ Հոսեյն Թաբաթաբային նկատել է, որ եկող տարի լրանում է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը լավ առիթ է երկու պետությունների ժառանգությանը նվիրված համատեղ արխիվային նյութերի ցուցադրություն կազմակերպելու համար, ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում։ Իրանական կողմն ընդգծել է ճարտարապետական և այլ ոլորտներում Իրանին վերաբերող արխիվային փաստաթղթերին ծանոթանալու իր հետաքրքրությունը՝ հայկական կողմին առաջարկելով փոխադարձաբար օգտվել իրենց արխիվներից:
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը նշել է` երկու երկրներն ունեցել են դարավոր պատմամշակութային բարեկամական հարաբերություններ և պատվիրակության անդամներին տեղեկացրել է, որ ի թիվս այլ փաստաթղթերի Հայաստանի Արխիվում պահվում է Շահ Աբասի՝ 1607թ․արաբատառ հրովարտակը, որը վերջինիս կողմից Քաշաթաղի հայ մելիքներին (իշխաններին) հողային արտանություններ տրամադրելու մասին է, և դրանով պատրաստակամություն է հայտնել հնարավորություն ընձեռել ծանոթանալու նմուշին:
ԻԻՀ պատվիրակության և ՀՀ ազգային արխիվի տնօրինության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել արխիվային ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու և այդ համատեքստում համատեղ Հուշագիր ստորագրելու ուղղությամբ: