Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի, Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

4-ամսյա կարանտինը մինչև հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ մինչև այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Երկարաձգելու նախագիծն Առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել է Կառավարություն։ Առաջիկա աշխատանքային օրը հունվարի 8-ն է, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց՝ ամենայն հավանականությամբ, հենց ուրբաթ էլ գործադիրը կհաստատի այն։

Առաջարկն, ըստ Ալինա Նիկողոսյանի, արել են՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը։ «Օրական կտրվածքով մենք ունենում ենք հարյուրավոր դեպքեր, այդ իսկ պատճառով կարանտինը երկարացվում է», — նշեց Նիկողոսյանը։

Առողջապահության նախարարի խոսնակն ասաց՝ Կառավարություն ուղարկված նախագծում փոփոխություններ չեն առաջարկել, երբ հաստատվի, գործող հակահամաճարակային կանոնները կմնան ուժի մեջ՝ դեռ կես տարի էլ պարտադիր կլինի բաց և փակ տարածքներում դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։ Չհետևողներին էլ ոստիկանությունը կարող է տուգանել։

Իշխանությունը մտադիր չէ սահմանափակել հավաքների անցկացումը։ Բայց վարչապետի խոսնակը չբացառեց՝ թվերի աճ եղավ, կլինեն նաև խստացումներ՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչպիսի։ «Այս պահին նախագծով նախատեսված չէ, որ կանոնների խստացում կամ թեթևացում լինի։ Դե հետագայում արդեն թողնենք հետագայի վրա, հուսով ենք, որ դրա անհրաժեշտությունը չի ծագի», — ասաց Գևորգյանը։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը անցած տարվա մարտի հենց առաջին օրը հայտնաբերվեց։ Թվերի մեծ աճ հատկապես պատերազմի ու դրան հաջորդած շրջանում եղավ։ Ամենամեծ թիվը, ըստ առողջապահության նախարի խոսնակի, նոյեմբերի 6-ին է արձանագրվել, երբ մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել միանգամից 2 հազար 476 մարդու մոտ։ Չեն բացառում, որ ամանորյա ոչ աշխատանքային օրերով պայմանավորված՝ այսօրվա թվերը կարող են աճել։

«Այո, մենք մի փոքր ունենք նվազման միտում։ Որովհետև եթե 10 օր առաջ դեպքերը հասնում էին մինչև 800-1000-ի, հիմա, օրինակ, երեկվա դրությամբ 309 նոր դեպք ենք ունեցել։ Բայց մենք չմոռանանք, որ վերջին շրջանում տոներ են եղել, և որ անկախ ամեն ինչից մարդկային շփումները եղել են, դա չենք կարող բացառել, և առաջիկայում կտեսնենք՝ ինչքանով է դա նպաստել դեպքերի աճին», — ասաց Նիկողոսյանը։

Կարծիքները տարբեր են՝ այսօր կարանտինը երկարաձգելու կողմնակիցների էլ հանդիպեցինք, բայց առավելապես՝ դրա իմաստը չտեսնողների։

Մի կին ասաց՝ վարակվել է, հիվանդությունը 27 օր է տևել, մինչև հիմա չգիտի՝ որտեղ ու ումից։ Հակահամաճարակային սահմանված կանոնները, կարծում է, ցանկալի արդյունք չտվեցին․ — «Բոլորս էլ արդեն վարակվել ենք, իմաստ չկա երկարացնելը։ Միևնույն է՝ որոշ մարդիկ դիմնակ չեն կրում, իմաստ չունի»։

Հակահամաճարակային կանոններին հետևող ոստիկանների այժմ հազվադեպ է տեսնում, պատմեց «Ազատության» մյուս զրուցակիցը։ «Մեծ դժգոհություն կա ժողովրդի շրջանակներում՝ հետպատերազմյա շրջանում են գտնվում։ ներկայում եթե ոստիկանը մոտենա, օրինակ, մեկը՝ ինձ, ես կարող է նույնիսկ ինչ-ինչ ձևով նախկինում չկոպտեի, բայց ներկայում կկոպտեմ։ Երբեմն մոտենում են, զգուշացնում են, բայց էլ չեն տուգանում, առաջ առանց հարցնելու տուգանում էին։ Չնայած, իմ կարծիքով, ով որ զգուշություն դրսևորում է, միշտ էլ դրսևորելու է», — ասաց տղամարդը։

Առողջապահության նախարության ներկայացուցիչն ասաց՝ կարանտինը որոշել են երկարաձգել, որ մարդիկ չկորցնեն զգոնությունը։ «Այս պահին, ճիշտ է, մենք Հայաստանում դեռևս չունենք էդ նոր շտամը Մեծ Բրիտանիայի, բայց չի բացառվում, որովհետև արդեն Իրանում հաստատվեց, Վրաստանում հաստատվեց, այսինքն՝ մենք էդ ամենը տեսնելով, քանի դեռ չկա էն միջոցը, որը որ կկանխի՝ դա պատվաստանյութն է, մենք զգոնությունը չպիտի թուլացնենք էս հիվանդության նկատմամբ։ Որովհետև որևէ կանխարգելիչ միջոցառում՝ բացի դիմակի կրումից, սոցիալական հեռավորությունից, ձեռքերի լվացումից հաճախակի, պարևզապես գոյություն չունի», — ընդգծեց Ալինա Նիկողոսյանը։