Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է, Գեղարքունիքի հատվածում 13։00-ի դրությամբ իրադրությունը կայուն է․ ՀՀ ՊՆ

Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի   վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

Հայկական կողմն ունի 3 զոհ։