Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է. Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բայդենին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համարձակ և ոգևորիչ քայլ է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Արմենպրես»-ի փոխանմամբ` այս մասին ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Շնորհակալություն, նախագահ Բայդեն: Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է։ Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում»,- ասված է գրառման մեջ:

Նախագահը հավելել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:

2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: