Հայտնաբերվել է 14 զինվորի աճյուն, ևս 1 աճյուն փոխանցել է ադրբեջանական կողմը․ ԱՀ ԱԻՊԾ

Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրաիլ) ուղղությունից:

Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հունվարի 29-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1344 աճյուն:

Այսօր փրկարարական ջոկատները կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի տարածքում:

Նշենք, որ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ռազմագործողություններին մասնակցած և տեղանքին ծանոթ ուղեկցող-կամավորներ: