«Հայ ժողովուրդը արթնացավ սարսափելի երազից և պահանջում է ձախողման պատասխանատուների հրաժարականը» . Զադուլին

Ռուս ճանաչված քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը kp.ru-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակին:

«Հայ ժողովուրդը, իր իշխանությունների կողմից դավաճանված ռազմի դաշտում և դիվանագիտական առճակատման մեջ, արթնացավ սարսափելի երազից և պահանջում է ձախողման պատասխանատուների հրաժարականը: Նրանք դիմադրում են՝ մոռանալով երեկվա սորոսական ելույթները, բռնում են Ռուսաստանի ձեռքն՝ անհույս փորձով կանխել անխուսափելին»,-նշել է Զատուլինը:

Վերջինս համոզմունք է հայտնել առ այն, որ առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ:

«Ես չգիտեմ, թե դա որքան կտևի: Համոզված եմ միայն, որ առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու հնարավոր չէ հայ ժողովրդի ոգու և հավատքի վերականգնում իր ուժի նկատմամբ: Եվ սա Հայաստանի և նրա քաղաքացիների զուտ ներքին, ինքնիշխան գործն է: Մեր գործն է որոշել՝ Կովկասում նոր պատերազմի արդյունքում Խորհրդային միության և ռուսական կայսրության իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը շահել է, թե՞ կորցրել: Որո՞նք են Ղարաբաղի դասերը Ռուսաստանի համար»,-ասել է Զատուլինը: