ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ժամկետ նշելու՝ Ալիևի պահանջին

ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ժամկետ նշելու՝ Ալիևի պահանջին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով:
Նկատելով, որ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պայմանավորվածություններն արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում, ըստ որոնց Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա՝ ՀՀ ԱԳՆ հիշեցնում է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության տեղեկատվական տեղեկատվության համաձայն՝ բոլոր ապաշրջափակվող և նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են:

Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է.

ա) Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ,

բ) Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է վերը թվարկված իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է վերը նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը,

գ) Տարածաշրջանի կոմունիկացիաների՝ ավտոճանապարհների և երկաթուղիների վերականգնման և բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը քննարկվում է Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որի աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով:

Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից ու չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունների իրագործմանը: