Հոխորտանքի և պատրաստակամության միքս. կայացավ Փաշինյանի հետ հարցուպատասխանը

Հոխորտանքի և պատրաստակամության միքս. կայացավ Փաշինյանի հետ հարցուպատասխանը

Ժամը 20:00-ից մեկնարկած՝ գրավոր հարցերին Նիկոլ Փաշինյանի պատասխանների սկիզբն ակնհայտորեն ուժի ցուցադրության փորձ էր. ՀՀ վարչապետն Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանն ասում էր, որ չի հանդուրժելու իր հետ սպառնալիքների տոնով խոսել: ,,Անունը դրել են Զանգեզուրի միջանցք ու ասում են՝ եթե չտաք, ուժով կվերցնենք, չի լինելու այդպիսի բան,,-ասաց նա՝ հավելելով, թե չի կարող Ադրբեջանը որոշել, թե ՀՀ տարածքով որ ճանապարհներով են անցնելու Նախիջևանի հետ կապող ուղիները:
Մյուս կողմից՝ ներկայացվեց, թե Հայաստանն է ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն: Յուրաքանչյուր երկիր պիտի շահագրգռված լինի, որ իր երկրով անցնեն ճանապարհները՝ գազի տարանցիկ, նավթամուղերը, այլ ճանապարհներ: ,,Այո, մենք ինքներս հետաքրքրված ենք դրանով, գիտե՞ք ինչու: Որովհետև Հայաստանը 30 տարի շրջափակված է եղել, և մենք ինքներս պատրաստ են այդ ապաշրջափակմանը,,-ասաց Փաշինյանը:
Պատասխանելով օրեր առաջ իր արած հայտարարության հետ կապված հարցին, թե սահմանագծման և սահմանազատման հետ կապված այդ ինչ առաջարկություն էր արել Ռուսաստանը, որն, ըստ նրա, ընդունելի է Հայաստանի համար՝ Վարչապետը կրկին չգաղտնազերծեց առաջարկության բովանդակությունը, միայն ասաց, որ դրանք շատ չէին տարբերվում նախորդ առաջարկներից:
Խոսելով նոյեմբերի 26-ին պլանավորված՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը և դեկտեմբերի 15-ին նախանշվող՝ բրյուսելյան հանդիպմանը, Վարչապետն ասաց, թե տպավորություն է, որ թուղթ է ստորագրվելու սահմանագծման և սահմանազատման արդյունքների մասին, այդպիսի բան հնարավոր չէ, ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևալի մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով: Այդ թղթի մեջ գրված չի լինելու` սահմանն անցնելու է այստեղով, այնտեղով: Այս վերջին ձևակերպումը տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա:
Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, թե նախապես եղել է նեյեմբերի 9-ին օնլայն հանդիպու անցկացնելու առաջարկ՝ Ալիևի և Պուտինի հետ համատեղ, բայց ասվել է, որ այդ օրը մեզ հարմար չէ, հետաձգեք: Երբ արդեն նոյեմբերի 26-ի մասին է խոսք գնացել, առաջարկել է տետ ա տետ հանդիպում, ինչը և լինելու է՝ Սոչիում:
Գերիների հետ կապված հարցին պատասխանելով՝ երկրի ղեկավարն ասաց, թե չճշտված տվյալներով՝ այն 24 զինվորականները, որոնց մասին ասվում է, թե անհետ կորած են, իրականում գերի են: