«Ոչինչ կյանքում այնքան թանկ չի նստում, որքան հիվանդությունն ու հիմարությունը».  Մեդվեդևը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ուղղված խոսքը մեկնաբանել է Զիգմունդ Ֆրոյդից մեջբերմամբ այն մասին, որ ոչինչ կյանքում այնքան թանկ չի նստում, որքան հիվանդությունն ու հիմարությունը:

«ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հետ ես հանդիպել եմ տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ: Այդ ժամանակ նա ադեկվատ տպավորություն էր թողել: Սակայն դատելով ամեն ինչից՝ ժամանակը նրան չի խնայել: Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա: Կարող եմ միայն հիշել Ֆրոյդի խոսքը. «Ոչինչ կյանքում այնքան թանկ չի նստում, որքան հիվանդությունն ու հիմարությունը»,- Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»։

Մեդվեդևն իր մերձմոսկովյան նստավայրում Բայդենին ընդունել է, երբ զբաղեցրել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Այն ժամանակ Բայդենը ԱՄՆ փոխանագահն էր: Գործիչները, մասնավորապես, քննարկել էին ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Հիշեցնենք, որ նախօրեին Բայդենը հարցազրույց էր տվել տեղի հեռուստաալիքին՝ Պուտինին «մարդասպան» անվանելով: Բացի այդ, նա Պուտինին մեղադրել էր ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ և հայտարարել, որ նա «անպատիժ չի մնա»: