Ոստիկանները հայտնաբերել են երկու կամ ավելի անձանց սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին

Փետրվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՔՈԳՎ հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի, Բազումի և Գուգարքի բաժինների ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզի Վահագնի գյուղի տներից մեկում հայտնաբերվել ու ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա մի տղամարդ։ Նա 2020 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր երկու կամ ավելի անձանց սպանության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի լույս 25-ի գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ղափանցյան փողոցի 58/1 հասցեի մոտ մեքենա է այրվում, կրակոցների և արյան հետքեր կան։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ 33-ամյա տղամարդը փակել է CHRYSLER մակնիշի ավտոմեքենայի դիմացը, ապա հրազենով կրակոցներ է արձակել մեքենան վարող կնոջ և նրա ուղևորի ուղղությամբ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։