Չարաշահումներ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ ընկերությունում 2020թ.-ի պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցվել են հիվանդանոցում, ինչի միջոցով խաբեությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել և համադրվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում 2020թ. ընթացքում բուժումներ ստացած շահառուների և ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում առկա հիվանդների վերաբերյալ տվյալները։

6 տասնյակից ավելի ծնողներ հաղորդումներ կամ բացատրություններ են տվել այն մասին, որ իրենց երեխաներին 2020թ.-ի ընթացքում տարբեր օրերի, տարբեր գանգատներով բուժօգնության են տեղափոխել նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից երեխային հետազոտելուց և դեղորայքային բուժումներ նշանակելուց հետո, նույն օրը վերադարձել են տուն:

Մինչդեռ, ըստ «ԱՐՄԵԴ» համակարգում առկա տվյալների՝ երեխաները որոշակի օրերի ընդունվել են ստացիոնար բուժման և այն ավարտել օրեր անց և նրանց բուժման համար պետպատվերի շրջանակներում բուժհաստատությունը ստացել է համապատասխան չափի ֆինանսավորում:

Այսինքն, ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրերը, դրանք վճարման են ներկայացվել ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի միջոցով, ինչի արդյունքում ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, առերևույթ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8մլն ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ ևս ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հարկ է փաստել, որ Շիրակի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով, ինչպես նաև պետական միջոցների ծախսման նպատակային, օրինական և իրավաչափ լինելու հանգամանքներն ստուգելու նպատակով դեռևս 2021թ.-ի մարտի 3-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում նախաձեռնվել է ուսումնասիրություն, որը գտնվում է ընթացիկ փուլում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: