«Չեչնիան դեմ է միասեռական ամուսնությունների կողմնակից Նավալնիին». Կադիրով

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը բարձրաձայնել է տարածաշրջանի դիրքորոշումը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ և վիրավորանքներ է հնչեցրել Մոսկվայի պետական համալսարանի ազգությամբ չեչեն ուսանող Սայիդ Մուհամմադ Ջումաևի հասցեին, որը հաջակցություն Նավալնիին ցույցի ժամանակ դիմադրություն է ցույցաբերել ուժայիններին: Այս մասին տեղեկանում ենք «Կոմերսանտ» պարբերականից:

«Որտե՞ղ եք տեսել, որ վախկոտ շնագայլին հերոս համարեն: Տեսե՞լ եք այդպիսի բան: Ես երբեք չեմ տեսել: Եթե տղամարդ է, պետք է չփախչեր, պետք է ասեր` «սա իմ դիրքորոշումն է, և ես իմ դիրքորոշումը պաշտպանում եմ, ինչպես կարողանում եմ: Նստեցրեք ինձ, եթե ես օրենք եմ խախտել կամ հանցագործություն եմ կատարել» և գնար մինչև վերջ»,-ասել է Կադիրովը չեչեն ուսանողի մասին:

Կադիրովի խոսքերով` «չեչեն ժողովրդից ոչ ոք դուրս չի գալիս Նավալնիի պաշտպանության ցույցերին»:

«Նավալնին ո՛չ հեղինակություն ունի, ո՛չ էլ այլ բան: Իրեն չեչեն համարող մարդը չի կարող աջակցել նրան, քանի որ Նավալնին ողջունում է միասեռական ամուսնությունները»,-ասել է Չեչնիայի ղեկավարը:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներն օրերս լայնամասշտաբ ակցիաներ էին անցկացրել Մոսկվայում: Նրանք պահանջում էին ազատ արձակել երեքուկես տարվա ազատազրկման դատապարտված Նավալնիին: