ՌԴ հրթիռային զորքերն ավելի քան 100 վարժանք կանցկացնեն մինչև տարեվերջ

Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում (ՌՆՀԶ) ավելի քան 100 տարբեր վարժանքներ է ծրագրվում անցկացնել ուսուցման ամառային ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ուսուցման ամառային ժամանակաշրջանում Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում ավելի քան 100 տակտիկական վարժանք կանցկացվի հրթիռային գնդերի հետ և ավելի քան 70 տակտիկական հատուկ վարժանք՝ ապահովման և պահպանության զորամասերի հետ»,-ճշտել են հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վարժանքները կանցկացվեն բարդ իրադրության պայմաններում, այդ թվում՝ միջտեսակային փոխգործակցող ուժերի և միջոցների ներգրավմամբ: «Ապահովման ստորաբաժանումներում դաշտային ելքի առաջադրանքների կատարելագործման տևողությունը կավելանա մինչև մեկ ամիս: Բացի այդ, կավելանա նաև անցկացվող վարժանքների քանակը՝ ինչպես գնդի, այնպես էլ գումարտակների և վաշտերի»,-հավելել են դեպարտամենտում:

Գերատեսչությունում հաղորդել են, որ ՌՆՀԶ-ում կշարունակվի մարտական պատրաստության անակնկալ ստուգումների պրակտիկան: ՌՆՀԶ-ն ՌԴ զինված ուժերի զորքերի տեսակ է, դրա ռազմավարական միջուկային ուժերի գլխավոր բաղադրիչը: ՌՆՀԶ-երը նախատեսված են հնարավոր ագրեսիայի միջուկային զսպման համար: Ավելի վաղ ՌՆՀԶ-ում հսկիչ ամփոփիչ ստուգումներ են սկսվել ավելի քան 80 զորամասերում: