«ՌԴ-ն կողջունի ԼՂ հարցով ԵՄ միջնորդական ջանքերը, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը». Պեսկով

«ՌԴ-ն կողջունի ԼՂ հարցով ԵՄ միջնորդական ջանքերը, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը». Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եթե միջնորդական ջանքերը կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրագործմանը, ապա դրանք կարելի է միայն ողջունել: Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները վատ չեն ընթանում»,- ասել է Պեսկովը` մեկնաբանելով ԵՄ երկրներից հնչող հայտարարությունները ԼՂ հարցով բանակցությունների եռակողմ ձևաչափում հայտնվելու մտադրության մասին:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները ԼՂ հարցով ձեռք են բերվել «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բավականին էներգետիկ մասնակցությամբ»:

«Նա մշտական կապի մեջ է և՛ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այժմ զբաղվում ենք եռակողմ պայմանավորվածությունների իրագործման, կյանքի կոչելու հարցերով»,- եզրափակել է Պեսկովը: