ՌԴ-ում ծորակի ջրից թունավորվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում` նորածին

Ռուսաստանի հարավում գտնվող Կասպիյսկ քաղաքում ավելի քան 20 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ ծորակի ջրից թունավորվելու հետևանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Ռոսպոդրեբնազոր»-ի տարածքային վարչության աղբյուրին:

Ըստ աղբյուրի, ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել է 21 մարդ, որից 19-ը 3 ամսականից 14 տարեկան երեխաներ են: Քաղաքացիների մոտ սուր աղիքային թունավորման նշաններ են ի հայտ եկել՝ ջերմություն, սրտխառնոց և փսխում:

«Ռոսպոդրեբնազոր»-ի եզրակացության համաձայն, փետրվարի 21-ին և 22-ին քաղաքի ջրամատակարարման կենտրոնական համակարգից եկող ջուրը չի բավարարել սահմանված պահանջները: «Ռոսպոդրեբնազոր»-ի մարզային վարչությունը և Կասպիյսկի վարչակազմը քաղաքի բնակիչներին խնդրել են միայն շշալցված ջուր օգտագործել: Դատախազությունը ստուգումներ է կազմակերպել:

Հիվանդանոցից տեղեկացրել են, որ թունավորված քաղաքացիների վիճակը գնահատվում է թույլ և միջին ծանրության։ Բոլորը ստանում են անհրաժեշտ բուժում: