Ռուս խաղաղապահները ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը

 Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

Ինչպես հայտնում են ՌԴ ՊՆ-ից, ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը:

Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է 260 հեկտար տեղանք, մոտ 100 կմ ճանապարհ, 434 շենք-շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,6 հազար պայթուցիկ։

Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս է բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում: