Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ գյուղերի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանին․ համայնքապետները հաստատել են

Որոտանի տարածքից մի հատված անցնում է Ադրբեջանին: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանից:

Օհանջանյանը ներկայացրեց, որ գյուղից որոշ տարածքներ, բնակելի շենքեր, օբյեկտներ անցնում են  Ադրբեջանի տարածք: Սահմանազատումը տեղի է ունեցել GPS-ով: «Սա միշտ մեր տարածքն է եղել, բայց հիմա հակառակորդին ենք տալիս: Իմ եղբոր տունը, օբյեկտը ևս այդ տարածքում է մնում և հիմա առանց ռուս խաղաղապահների նա չի կարող իր տանը մոտենալ, իրերը հավաքել: Այդ տարածքում շատերը այգեգործությամբ էին զբաղվում, տարբեր տարածքներից դեռ շատ վաղուց եկել էին, հիմա ոչինչ էլ չի մնում»:

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը ևս հայտնել էր, որ ադրբեջանցիները GPS-ով նշումներ են արել գյուղում, ըստ այդմ գյուղի մի մասը՝ 11 տուն, անցնում է Ադրբեջանին։

«Թուրքը եկավ, իր GPS-ով նշումներն արեց, ըստ որի՝ տակի թաղը անցնում է իրենց տարածք»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Իրանց երկու տոչկեն խփել են գյուղի սկզբից վերջը. ցույց է տալիս, որ այդ 11 տունը իրենցն է»,-ասաց նա և նշեց, որ թուրք սահմանապահները եղել են մեր ԱԱԾ-ի և ռուսների հետ:

«Մինչ այդ  բանավոր կերպով ասել են, որ այդ տները լինելու են հայկական: Գուցե էլի հայկական են, ընտիր կառավարություն է, կարող է մի հատ այնպիսի դիվանագիտություն դրսևորել, որ թուրքը «մանթրաշից մեռնի»»,-ասաց նա և նշեց, որ կառավարությունից իրենց ոչինչ չեն ասել, իրենք սահմանապահ են և իրավունք չունեն հեռանալ:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե  Շուռնուխի և Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել, նա նշեց, որ չի լսել վարչապետի հայտարարությունը: «Վերջին ասողը ինքն է, և քանի դեռ ինքն է, անորոշ է լինելու: Հանած զորքը, որ տարան, մեզ անտեր թողեցին, կարող են գալ, մեզ փրկել»,-ասաց նա և նշեց, որ այդ տան բնակիչները անելանելի վիճակում են: